Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը: Դա իհարկե դեռ ամենևին չի նշանակում, որ լիագումար նիստում կընդունվի հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգամը չէ, աշխարհում էլ՝ երբ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն ժամանակ, երբ տվյալ պետությունը որևէ խնդիր է ունենում Թուրքիայի հետ: Իսրայելը ներկայումս մերձավորարևելյան հարցերում Անկարայի հետ ունեցած խնդրի հետևանքով մեջտեղ է բերում հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, որն ակնհայտորեն ունի Անկարայի վրա ճնշում բանեցնելու նպատակ:
Պետք է խոստովանել, որ մենք հայտնվում ենք հակասական վիճակում, երբ դառնում ենք հայկական հարցի այդօրինակ խաղարկման ականատես, առավել ևս, երբ հարցերը պարզելուց հետո տվյալ երկիրը վերջնարդյունքում մերժում է հայերի ցեղասպանության հետ կապված նախաձեռնության ընդունումը: ՄԻ կողմից վիրավորական է, որ մեր ցավը և դատը օգտագործվում է Թուրքիայի դեմ սեփական հարցեր լուծելու համար:
Մյուս կողմից մենք չենք կարող չհամակերպվել այդ իրողության հետ, այլապես պետք է հայտարարենք, որ հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից և կոչ անենք մյուս երկրներին երբեք չխաղարկել հայկական հարցը: Ակնհայտ է, որ մենք այլընտրանք չունենք և եթե անգամ գիտենք, որ մեր հարցը խաղարկում ենք, ու եթե անգամ դա մեզ վիրավորում է, մենք ստիպված ենք դիմանալ, որովհետև ինքներս ենք նաև հռչակել միջազգային ճանաչումը պետական օրակարգի մաս: Ի վերջո հանել հարցը մեր պետական օրակարգից, նշանակում է թուլացնել այդ օրակարգը, որովհետև այստեղ զուտ պահանջատիրության զգայական հարց չէ, այլ իրավա-քաղաքական բավականին կարևոր մի կռվան, որը հայկական պետականության միջազգային սուբյեկտիվության երկու առանցքային հենակետերից մեկն է՝ մյուսն արցախյան խնդիրն է: Այդ հենակետերից մեկից հրաժարվելը չի տա որևէ առավելություն, միևնույն ժամանակ սակայն չի էլ օգնի, որ այլևս չխաղարկեն մեր հարցը: Ըստ այդմ, մենք այդ առումով ելք չունենք և պետք է մտածել, թե ինչպես կարող ենք մեր շահին ծառայեցնել որևէ իրավիճակ, երբ որևիցե մի պետություն հայկական հարցը կփորձի օգտագործել Թուրքիայի հետ իր հաշիվները պարզելու համար:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Իսկ եթե ժամանակավորապես առկախենք այդ հարցը՝մեկ,երկւ տարով,տեսնենք ինչպես են իրենց ..պահում,,այն երկրները,որոնք ցեղասպանության հարցը իրենց քաղաքական նպատակների համար են օգտագործում …