Հանրության շրջանում քննարկվող «թոփ» թեմաներից մեկը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կուտակված տույժ-տուգանքների ներումն է: Հանրության մի մասը շատ ուրախ է դրա համար, մյուսը խիստ քննադատում է: Եվ ուրեմն, ճի ՞շտ որոշում է սա, թե ոչ։
Միանգամից նկատենք, որ ցանկացած այսպիսի համաներում իր մեջ անարդարության բաղադրիչ ունի։ Ստացվում է, որ եթե մարդը պարտաճանաչ է և խախտում կատարելուց հետո անմիջապես վճարում է տուգանքը, ապա, պատկերավոր ասած, տուժում է։ Իսկ անպարտաճանաչը, որը չի վճարում տուգանքը, շահում է: Սա բոլոր համաներումներին բնորոշ իրավիճակ է: Նույնիսկ ազատազրկվածների դեպքում համաներումը նմանատիպ անարդարության տարր ունի։ Ասենք, մարդը 5 տարի առաջ գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատվում է մեկ տարի շուտ, իսկ մեկ ուրիշը, եթե նույն հանցագործության համար ազատազրկված է եղել նույն՝ 6 տարով, սակայն մեկ տարի առաջ, ապա նա ազատության մեջ է հայտնվում մեկ տարի բանտում անցկացնելուց հետո։ Ստացվում է, որ նույն հանցագործության համար մեկը նստեց 5 տարի, մյուսը 1 տարի։ Արդա՞ր է։ Իհարկե ոչ, սակայն համաներումը ողջունում են թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Ինչ վերաբերում է կոնկրետ երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքների ներմանը, ապա սա ունի բազմաթիվ շերտեր եւ միանշանակ դրական կամ բացասական վերաբերվել սրան հնարավոր չէ:
Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում երթևեկության կանոնների համար սահմանված տուգանքների համակարգի նպատակը ի սկզբանե եղել է ոչ թե անվտանգության ապահովումը, այլ հնարավորինս շատ փող գռփելը։ Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով հայտնաբերված խախտումներից գանձվել է ավելի քան 10 միլիարդ դրամ, որը ՀՀ պետական բյուջեի մոտ 1 տոկոսն է։ Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է։ Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը մոտ 15 անգամ ավելի փոքր է: Ու որպես հետևանք՝ տուգանքների այդպիսի համակարգը ամենևին չի նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Այսպես, ամենաթարմ վիճակագրական տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհ է գնացել 74 մարդ։ 2009-ին, երբ չկային արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր, առաջին եռամսյակում զոհվել է 65 մարդ, 2011-ին 45 եւ այլն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում