Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում շեշտակի ավելացել է «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցել ցանկացողների թիվը. «Հրապարակ»

Մայիս 24,2018 10:56

Թավշյա հեղափոխության արդյունքները դե յուրե արձանագրելուց հետո ընդդիմությունը, ի դեմս, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այժմ իր շարքերը համալրելու ակտիվ աշխատանքների փուլում է: Հեղափոխական գործընթացներից հետո հանրային հետաքրքրությունը, բնականաբար, մեծացել է «Սերժի մերժումը» գլուխ բերած Փաշինյանի հարազատ կուսակցության հանդեպ, եւ դա դրսեւորվում է անդամագրումների տեսքով: Այս մասին են վկայում կուսակցության երեւանյան գրասենյակների պատասխանատուները: «ՔՊ»-ն, ի դեպ, անդամագրումների համար օգտագործում է նաեւ վիրտուալ հարթակը. մասնավորապես՝ կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում իրականացվում է էլեկտրոնային անդամագրում: «Անդամագրվել ցանկացողները կարող են լրացնել էլեկտրոնային դիմումը, որից հետո դրանք կքննարկվեն կուսակցության վարչության կողմից։ Ուրախ կլինենք մեր շարքերը համալրելու նոր գաղափարակիցներով, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ նոր Հայաստանի զարգացման գործում»,- ասված է ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաեւ անդամագրման էլեկտրոնային դիմումի ձեւը: Նշենք, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Անդրանիկի 79, 56 շենք, 1-ին հարկ) առաջիկա օրերին բացվելու է կուսակցության գրասենյակը:

Գրասենյակի համակարգող Գեւորգ Աճեմյանը մեզ հայտնեց, որ վերջին միայն 5-6 օրերի ընթացքում շուրջ 800 մարդ է զանգահարել կուսակցության ֆեյսբուքյան էջում զետեղված իր հեռախոսահամարին եւ անդամագրվելու ցանկություն հայտնել: Անդամագրման հայտերը, սակայն, կընդունվեն գրասենյակի բացումից հետո: Աճեմյանի հավաստմամբ՝ անհատ քաղաքացիների կողմից նույնիսկ նվեր է փոխանցվել գրասենյակին՝ երկու համակարգիչ եւ երկու տպիչ: Կուսակցության Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների պատասխանատու Աննա Փարվանյանը նույնպես հայտնեց, որ այս շրջաններում հանրության հետաքրքրությունը մեծ է «ՔՊ»-ի նկատմամբ: Մասնավորապես, վերջին մի քանի օրերին շուրջ 85-90 քաղաքացի է զանգահարել եւ հայտնել իր աջակցությունը կուսակցությանը, առաջարկել իր ծառայությունները, մեծ թիվ են կազմում նաեւ անդամագրվել ցանկացողները: Կուսակցության Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջանների գծով համակարգող Քրիստինե Պողոսյանը, ով, ի դեպ, մեկ շաբաթ է՝ նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնական, հայտնեց, որ անդամագրման հայտերը բազմաթիվ են, եւ առաջիկայում կուսակցության վարչությունը կքննարկի հայտերի բավարարման հարցը:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031