Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարն ասում է՝ հավանաբար կհամագործակցի իրավապահ մարմինների հետ

Մայիս 24,2018 10:22

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղեց ոլորտում առկա «ատկատների» մասին: Տիկին Կյուրեղյանը օրինակ բերեց. «Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդը, արդեն ունենալով ճառագայթային բուժման ախտորոշման արդյունքները, դիմում է կոնկրետ մասնագետի, բայց սկսվում է տարբեր մասնագետների մոտ ուղղորդելու գործընթացը: Շատ դեպքերում «ատկատի» երեւույթի արդյունքում հիվանդի տերը, կորցնելով բավականին գումար եւ բուժման համար անհրաժեշտ ժամանակ, ցավոք՝ հաճախ նաեւ հիվանդի կյանքը, մեծ կորուստներ է ունենում»: Ապա պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝ նախատեսո՞ւմ է արդյոք միջոցառումներ, որոնք կարող են բացառել «ատկատի» երեւույթը առողջապահության ոլորտում:

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ մինչ նախարար նշանակվելն էլ լավ ծանոթ է խնդրին. «Չենք կարող հերքել, այդ երեւույթը կա, հատկապես ճառագայթային ախտորոշման դեպքում: Նախ դա միանշանակ հակաիրավական, ապօրինի գործընթաց է՝ այդ հետգումար ստանալը: Ես, հավանաբար, կհամագործակցեմ իրավապահ մարմինների հետ՝ հարցը լուծելու համար: Բայց պետք է հասկանանք, որ խնդիրը նաեւ բուժաշխատողների փոխհատուցման դաշտում է: Շատ հաճախ բժիշկները ակնկալում են հավելյալ գումարներ նաեւ այն պատճառով, որ նրանց հիմնական աշխատավարձը շատ ցածր է՝ այն աշխատանքի դիմաց, որը կատարում են»:
Նախարարն ասաց, որ այդ խնդիրը կարող է լուծվել բարձրացնելով աշխատվարձերը՝ տարբեր նոր մեխանիզմներ ներդնելով՝ սկսած բյուջետային հատկացումների բարձրացումից, որը հեշտ չէ, եւ վերջացրած մրցակցային մեխանիզմներ ներդնելով: Սա կարող է լինել ապահովագրությունը կամ գոնե եղած բյուջետային միջոցների հավասար բաշխումը. «Մյուս տարբերակը՝ եթե մենք ունենանք գոնե արժանապատիվ փոխհատուցում, զուգահեռաբար կկարողանանք այդ հակաօրինական դեպքերին վերջ տալ: Չնայած ես երբեք չեմ ուզենա որ որեւէ բուժաշխատող կալանքի կամ սանկցիայի տակ ընկնի: Բայց, ամեն դեպքում, երբ դու ապահովում ես արժանապատիվ աշխատավարձ, ու նրանք էլի միտումնավոր, չարամտորեն շարունակում են այդ գործընթացը, միգուցե կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

24.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031