Լրահոս
Օրվա լրահոսը

Դա էլ կանցնի

Մայիս 24,2018 10:12

Մարդկանց հաճախ թվում է, որ այն, ինչ այս պահին կարեւոր, ճակատագրական եւ խիստ արդիական է համարվում, այդպիսին կլինի հավերժ: Բայց շատ բաներ անցողիկ են, այդ թվում՝ սուր վեճերը, բարեկամությունը, թշնամանքը: Այդպես է նաեւ միջազգային հարաբերություններում: Ժամանակին Էրդողանն ու Բաշար ալ Ասադը ընտանիքներով գնում էին համատեղ ամառային հանգիստ անցկացնելու, հիմա Թուրքիան ուղղակիորեն պատերազմում է Սիրիայի հետ: Մի քանի ամիս առաջ Կիմ Չեն Ինը եւ Դոնալդ Թրամփը սպառնում էին ոչնչացնել իրար, բայց դա էլ անցավ:

Պետությունների ներքին կյանքում նույնն է: Հեղափոխություններին հետեւում են «պարտվածների» ինքնարդարացումները, ինքնահաստատման փորձերը, ինչպես նաեւ «հաղթածների» էյֆորիան ու պարանոյան: Ով իր կյանքում տեսել է միայն մեկ հեղափոխություն, գուցեեւ զարմանա: Բայց նրանք, ովքեր որոշակի փորձ ունեն, գիտեն՝ դա էլ կանցնի: «Նախկիններն» ասում են՝ «հլը սրանց նայեք, դուք ի՞նչ եք հասկանում պետությունից, նոր հավեր, երկաթե ձվեր, դուք հաստատ կձախողվեք» եւ այլն: «Ներկաներն» ասում են՝ «այդ ինչպե՞ս եք համարձակվում ձայն հանել, ա՛յ հանցագործներ, թալանչիներ, հակահեղափոխականներ եւ ռեւանշիստներ»: Այդ «հավերժ» բանավեճը տեւելու է մի քանի ամիս… եւ կանցնի:

Ի դեպ, ռեւանշի մասին: Չգիտեմ՝ արդյոք կոմունիստների մեջ (1990-ից հետո), ՀՀՇ-ականների մեջ (1998-ից հետո) եւ հիմա ՀՀԿ-ականների մեջ կա՞ն մարդիկ, որոնք երազում էին կամ երազում են ռեւանշի մասին՝ ի վերջո, նման երազանքները հնարավոր չէ բացառել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նման բան հնարավոր չէ՝ նախկին իշխանությունները «ղեկին» վերադառնալու ոչ մի տարբերակ չունեն: Ուրիշ հարց, որ «ներկաները» ցանկացած ընդդիմախոսության փորձ հակված են ներկայացնել որպես «նախորդ հանցավոր ռեժիմի ռեւանշին միտված քայլ», եւ, հաշվի առնելով հասարակական ատելության մակարդակը այդ «նախորդ ռեժիմների» նկատմամբ՝ նման քարոզչական հնարքը որոշ ժամանակ արդյունավետ է գործում: Բայց՝ որոշ ժամանակ: Իսկ հետո «նախկինների ստվերով» սպառնալու էֆեկտն անցնում է:

Իհարկե, կան լուրջ, ոչ անցողիկ խնդիրներ, որոնք կարեւոր են պետության համար, եւ որոնք արժե քննարկել: Բայց՝ ոչ հիմա, քանի որ այժմ ռացիոնալ քննարկումների ժամանակը չէ: Այժմ հետհեղափոխական շրջան է, որն, իհարկե, կանցնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ռեվանշը չգիտեմ, բայց վերադարձի հնարավորությունը բացառել չի կարելի՝ եթե պահպանված են ինստիտուցիոնալ հնարավորությունները, իսկ դրանք ոչ միայն կան, այլև դեռևս ամուր են: Կոմունիստները գնացին, որովհետև, 3 օր ու գիշեր պայքարելով գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար, պարտվեցին. դրան գումարած՝ կոմունիզմը գնում էր արդեն անցյալ: ՀՀՇ-ն չվերադարձավ, քանի որ պարտվեց մի գիշերվա ընթացքում «Հանրապետություն» խմբակցության՝ «Երկրապահ»-ի վերածվելով: Իսկ մենք, բացի վերն ասված ինստիտուցիոնալից, դեռևս երկար ժամանակ կախված կլինենք ՌԴ-ից, որը չի ողջունում «մայդանային» կամ ոչ այդպիսի հեղափոխությունները/հեղաշրջումները:

  2. Artur Lazarian says:

    Խորիմաստ վերնագիր է:
    Ասում են հրէից Սողոմոն արքայի մատանու վրայ է գրուած եղել՝ “הכל עובר, וגם זה יעבור” (հակօ՛լ օվէ՛ղ վէ գամ զէ յա’ավօ՛ղ) – «Ամէն ինչ անցողիկ է. սա եւս կ’անցնի»:

    ՅԳ. Ի դէպ, նկարի մատանու ռուսերէն տառերը եբրայերէն տառերի նմանութեամբ են:

  3. Artur Lazarian says:

    «Սերունդ է գնում, սերունդ է գալիս, բայց երկիրը մնում է յաւերժ: Արեգակը ծագում, արեգակը մայր է մտնում եւ վերադառնում է իր տեղը, որտեղից ծագել է: Հողմը ելնում է դէպի հարաւ եւ դառնում է դէպի հիւսիս, պտտուելով պտտւում՝ փչում է հողմը եւ վերադառնում նորից իր շրջապտոյտին: Բոլոր գետերը գնում են դէպի ծով, բայց ծովը չի լցւում, եւ նորից գետերը վերադառնում են այնտեղ, որտեղով հոսել են: Ամէն ինչ ջանք ու տքնանքով է լինում, եւ չի կարող մարդ այն պատմել. աչքը տեսնելով չի յագենում, եւ ականջը լսելով չի լցւում: Այն, ինչ եղել է, նոյնն էլ պիտի լինի, եւ այն, ինչ կատարուել է, նոյնն էլ պիտի կատարուի: Եւ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ. որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ «Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, յաւիտենապէս՝ մեզնից առաջ եղածների մէջ»»:

    Գիրք «ԺՈՂՈՎՈՂ» Ա:4-10

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031