Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ին միլիոններ փոխանցելու ավանդույթը ձեւավորվել է Քոչարյանի նախագահության օրոք

Մայիս 24,2018 15:00

ՄԻ շարք բուհերի ղեկավարներ ուրախացել են, որ այլեւս Հայաստանի երիտասարդական հիմնադրամին գումարներ չեն փոխանցելու: Մայիսի 19-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Այսուհետ պետական բուհերը չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»: Ապա ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն է արձագանքել նախարարի հայտարարությանը՝ նշելով. «Հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը»։
Նշենք, սակայն, որ 2017-ին եւ դրանից առաջ էլ, երբ այդ գումարներն արդեն փոխանցված են եղել, ո՛չ Փաշինյանը, ոչ էլ Հարությունյանը կառավարության անդամներ չէին, իսկ նախարարի ասելով՝ իրենց պաշտոնավարման ժամանակ այդ փոխանցումները դադարեցվելու են:

Բուհերից բացի՝ հասարակական կազմակերպություններ էլ են այս հիմնադրամին գումարներ փոխանցել, բայց ոչ միլիոններ, անհամեմատ ավելի քիչ գումարներ:

Իսկ բուհերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ՀԵՀ-ին, սկսած 2001 թվականից, ամեն տարի փոխանցել են ուսանողների ուսման վարձերից գոյացած բյուջեի 2%-ը: Անցյալ տարի ՀԵՀ-ի բյուջեն կազմել է 1,5 միլիոն դոլար կամ մոտ 778 միլիոն դրամ:
Բուհերն այդ գումարները փոխանցել են հիմնադրամին, վերջինս էլ նույն այդ գումարներով տվյալ բուհերի որոշ ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է, նաեւ այլ համատեղ ծրագրեր է ֆինանսավորել: Որոշ բուհերից մեզ վստահեցրին, որ այդ գումարները պարտադիր պետք է վճարեին, կար հրաման, համաձայնագիր, եւ չէին կարող ընդդիմանալ: Այս բուհերից նաեւ մեզ խնդրեցին իրենց անունները չհրապարակել: «Առավոտը» որոշ բուհերից փորձեց պարզել՝ արդյոք իրենց փոխանցած գումարներին համարժե՞ք են հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստացել, եւ ինչ ծրագրերի վրա են ծախսվել այդ գումարները:

Երեւանի պետական համալսարանն անցյալ տարի ՀԵՀ-ին փոխանցել է 125 միլիոն դրամ, դրան նախորդած տարիներին փոխանցումները 100 միլիոն դրամից պակաս չեն եղել: ԵՊՀ-ն հիմնադրամին 2016-ին փոխանցել է 120 միլիոն դրամ, 2015-ին՝ 121 միլիոն, 2014-ին՝ 100 միլիոն, 2013-ին՝ 105 միլիոն դրամ։

«Առավոտի» հարցերին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցրեց. «2001 թվականին եղել է պայմանավորվածություն, որ Հայաստանի պետական բուհերն իրենց արտաբյուջեի, այսինքն՝ ուսանողների ուսման վարձերից գոյացած բյուջեի 2%-ը փոխանցեն նորաստեղծ ՀԵՀ-ին, իսկ դրա փոխարեն պետությունը ուսանողական վարձերից ԱԱՀ չի գանձի։ ՀԵՀ-ի ստեղծման գաղափարը հիմնավորվում էր նաեւ նրանով, որ երիտասարդական, ուսանողական ծրագրերի համար շատ դժվար էր ֆինանսական միջոցներ հայթայթելը, եւ հիմնադրամի ստեղծմամբ պետությունը նպաստում էր որոշակի քաղաքականության իրականացմանը»։ Ռեկտորի վստահեցմամբ՝ ըստ այդ պայմանավորվածության՝ ՀԵՀ-ը բուհի փոխանցած գումարի կեսի չափով պետք է ֆինանսավորեր տվյալ բուհի ուսանողական տարբեր ծրագրերը։ Այս տարիների ընթացքում ԵՊՀ-ն իր փոխանցած գումարի 40-50%-ի չափով ֆինանսավորվել է հիմնադրամի կողմից։ Այդ ծրագրերը եղել են հիմնականում 3 տեսակի՝ ուսանողների վարձավճարների զեղչի փոխհատուցում, Հայաստանի սահմանամերձ շրջաններին եւ Արցախին ուղղված ծրագրեր՝ ծառատունկից մինչեւ գրքերի ու գույքի տրամադրում, դասախոսություններ, վերապատրաստման ծրագրեր եւ այլն։

«Առավոտը» ռեկտորից հետաքրքրվեց՝ եթե այդ գումարները որոշ ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանն են ուղղվել, ապա ի՞նչ անհրաժեշտություն կար գումար փոխանցել հիմնադրամին, եթե բուհն անմիջապես ինքն էլ կարող էր առանց գումարի փոխանցման լուծել իր ուսանողների ուսման վարձերի եւ բուհին վերաբերող այլ խնդիրները, եւ ինչո՞ւ չեն հրաժարվել այդ փոխանցումներից: Այս հարցերին ի պատասխան՝ ԵՊՀ ղեկավարն ասաց. «Չկար այդպիսի անհրաժեշտություն, կար պայմանավորվածություն, ու քանի որ դա պետության հետ էր, մենք շարունակել ենք պայմանավորվածության իրականացումը։ Պայմանավորվածությունը եղել է պետության հետ, եւ այն խախտելու դեպքում հարվածի տակ կարող էր ընկնել բուհը»։
Նշենք, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանն էլ 80 միլիոն դրամ է փոխանցել, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ 49 միլիոն դրամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 44 միլիոն դրամ: Տնտեսագիտականի լրատվական ծառայությունը մեր հարցերին երեկ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ այդ պահին այլ հարցերով են զբաղված:

Իսկ Մանկավարժականից այդ փոխանցումների մասին պարզաբանեցին. «Տարիներ շարունակ ընդունված ձեւ է եղել ՀԵՀ-ին վճարումներ անելը, այդ ընթացքում 2 անգամ համալսարանում ղեկավարություն է փոխվել, իսկ ավանդույթը շարունակվել է: Այն ձեւավորվել է դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եւ ավանդաբար շարունակվել: Այս ավանդույթը մոտ 20 տարվա պատմություն ունի: Տարիներ ի վեր ՀԵՀ-ին փոխանցվել է Մանկավարժական համալսարանի ուսանողների ուսման վարձից ստացված գումարի՝ շահույթի 2%-ը: Փոխանցված գումարի կեսը միշտ վերադարձվել է համալսարանին՝ ուսանողական տարբեր ձեռնարկների ու միջոցառումների կազմակերպման նպատակով, մյուս կեսը երիտասարդական հիմնադրամի կողմից տրվել էր հիմնականում որպես ուսման վարձավճար՝ անվճարունակ կամ քիչ վճարունակ ուսանողների համար՝ ապահովելով որոշակի զեղչ նրանց համար: Գումարի մի մասն էլ վերապահվել է այդ կազմակերպության իրականացրած համապետական ծրագրերի կամ պարզապես կազմակերպության նպատակների իրականացմանը»: Մեր հարցին՝ արդյոք պարտադի՞ր էր փոխանցել այդ գումարները, եւ ի՞նչ կարիք կար փոխանցելու, եթե ի վերջո ՀԵՀ-ը համալսարանի գումարներով է այդ բուհի կարիքները հոգացել, բուհից ասացին. «Ավելացնելու ոչինչ չունենք»:

Բժշկական համալսարանից էլ նույն հարցադրմանն ի պատասխան ասացին. «Պարտադիր կետ է, էթիկայի ե հոգաբարձուների կողմից հաստատված բյուջեով է եղել, եւ կար նախարարության որոշում»:

Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն 2017 թվականին Երիտասարդական հիմնադրամին 100 միլիոն դրամ է փոխանցել: «Առավոտի» հետ զրույցում կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանն ասաց, որ գումարը՝ 100 միլիոն դրամը, կառավարության ղեկավարն է ասել, որ կոմիտեի բյուջեով հաստատվի ու փոխանցվի հիմնադրամին. «Դրանք ծախսվել են համատեղ մրցույթներ հայտարարելու համար, մենք հիմնադրամի հետ երիտասարդական ծրագրեր ենք անում, գիտաժողովներ, ռեյտինգային ամսագրերում հոդվածների տպագրում եւ այլն»:

Մեր այն հարցին՝ արդյոք առանց հիմնադրամին այդ գումարները փոխանցելու կոմիտեն ինքնուրույն այդ ծրագրերը չէ՞ր կարող անել, Հարությունյանը պատասխանեց. «Կարող էինք ինքներս անել, բայց դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ առանց կառավարության ղեկավարի որոշման պետական կառույցի բյուջեն հնարավոր չէ ինքնուրույն որոշել: Վարչապետի որոշմամբ է եղել»: Մեր հարցին՝ երբեւէ փորձե՞լ են ընդդիմանալ, որպեսզի այդ գումարները չփոխանցվեին հիմնադրամին, կոմիտեի ղեկավարը պատասխանեց. «Ինձ համար այնքան էլ հաճելի չէր այդ գումարները տրամադրել հիմնադրամին, որովհետեւ գիտության մեջ բազմաթիվ այլ խնդիրներ ունենք, եւ կարելի էր դրանցով այդ խնդիրները լուծել: Ասել, որ սարսափելի գոհ եմ եղել… բազմաթիվ ծակուծուկեր կային՝ ասպիրանտական թոշակների խնդիր ունենք, ունենք երկակի նշանակության ծրագրերի ֆինանսավորում, գիտական սարքավորումների ֆինանսավորում»: Հարությունյանը նաեւ հավաստիացրեց՝ ուրախ է, որ այլեւս այդ գումարները չեն փոխանցվելու ՀԵՀ-ին, եւ կկարողանա այսուհետ դրանցով անհրաժեշտ ծախսեր հոգալ:

Ագրարային համալսարանն անցյալ տարի ՀԵՀ-ին փոխանցել է ընդամենը 5 միլիոն դրամ: Բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս 2000-ականներին հիմնադրամի եւ ԿԳՆ-ի միջեւ համաձայնագիր է եղել, որի հիման վրա էլ բուհի արտաբյուջեի 2%-ը պետք է փոխանցվեր: Սակայն, ինչպես Թարվերդյանը վստահեցրեց, Ագրարայինը լիարժեք չի ենթարկվել այդ պայմանին. «Մենք երբեք 2%-ի չափով չենք փոխանցել, նույնիսկ կես տոկոսի չափով չենք փոխանցել: Այդ գումարների մի մասը, որքան գիտեմ, ծախսվում են ուսանողական միջոցառումների համար, մի մասը՝ ուսման վարձերի, մնացածը չգիտեմ ինչ է անում հիմնադրամը: Մենք ամենաքիչն ենք փոխանցել՝ ի տարբերություն այլ բուհերի»: Թարվերդյանը վստահեցրեց՝ իրենք պարբերաբար այդ փոխանցումները դադարեցնելու հարցը բարձրացրել են. «Դե եթե պետք է վերադարձվի ուսանողների վարձավճարով, ասում էինք՝ կարող է համալսարանն ինքը էդ հարցերը լուծել: Այն ժամանակ հիմնավորումն այսպես էր՝ կան նաեւ համաբուհական, երիտասարդական ընդհանուր միջոցառումներ, որոնց ֆինանսավորման համար ինչ-որ տոկոս հատկացվում է: 2000-ականներին ԿԳՆ-ի եւ հիմնադրամի միջեւ որոշում կամ համաձայնագիր կար, ես հիմքը չունեմ՝ կա, չկա՝ մենք էդպես էլ չիմացանք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

23.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Նախկին իշխանությունների ճնշման տակ ՀԵՀ-ին վճարումներ են կատարվել նաեւ համայնքների սուղ բյուջեներից՝ իբր թե միջոցառումներին աջակցելու պատրվակով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031