Արդեն որքան ժամանակ է՝ Երեւանի փողոցները մանր միջատներով, ժողովրդի լեզվով ասած՝ մլակներով «ողողված» են: Քաղաքացիներն ահազանգում են, որ այդ միջատներն այնքան են շատացել, որ փողոցով քայլելիս արդեն անհարմարություններ են պատճառում, մտնում են մարդկանց աչքի, բերանի, քթի մեջ, դիպչում հագուստին, լցվում բնակարաններ: Դժգոհում են նաեւ, որ այդ պատճառով խուսափում են փոքրիկ երեխաներին զբոսանքի հանել, կանաչ գոտիներում զբոսնել:
Մլակների գրոհը բնապահպան, «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը բացատրում է մայրաքաղաքի կենսաբազմազանության հավասարակշռությունը խախտելով: Այսինքն՝ ըստ նրա, այդ մանր միջատներով սնվում են շատ տեսակի թռչուններ, մասնավորապես` մանգաղաթեւերը, եւ քանի որ վերջին տարիներին նրանց քանակությունը Երեւան քաղաքում պակասել է, դա նպաստել է, որպեսզի այդ միջատների պոպուլյացիան ավելանա:
Տիկին Ադամյանի կարծիքով՝ նման խնդիր կարող է առաջանալ նաեւ այն պատճառով, որ Երեւանի քաղաքապետարանը սահմանված ամենամյա միջոցառումները ծառերի հետ կապված չի կատարել:
«Մլակների տեսակ կա, որոնք հավաքվում են այնտեղ, որտեղ ճահիճներ, ջրեր կան կուտակված, բայց Երեւան քաղաքում նման խնդիր չունենք, ուրեմն խնդիրը գալիս է ուրիշ տեղից: Եվ նաեւ՝ կենսաբազմազանության հավասարակշռության խախտումից: Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, զգուշացրել ենք, որ այսպիսի կառուցապատումը լավ բանի չի բերի, այսինքն` մենք խախտել ենք քաղաքի բնապահպանական իրավիճակը եւ հիմա տարբեր խնդիրներ կարող է ունենանք. մի օր՝ մլակներ, մի օր, հնարավոր է, մորեխների մի մեծ բանակ հայտնվի քաղաքում»,- ասաց Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ մանգաղաթեւ թռչունների քանակի կրճատումն ամենեւին էլ պայմանավորված չէ կերաբազաների բացակայությամբ, այլ նրանք մայրաքաղաքում բնադրավայր չեն կարողանում ստեղծել. «Ժամանակին երեւանյան շինություններում` քարի շենքերում, մանգաղաթեւերը կարողանում էին անցքերի մեջ բույն հյուսել, բայց այդ շենքերի մեծ մասը քանդվեց: Ընդհանրապես մանգաղաթեւն իր բույնը բարձրության վրա է հյուսում, ժայռերի, քիվերի վրա, քաղաքում էլ` շենքերի անցքերի մեջ: Մեր նոր կառուցապատված քաղաքը մասնավորապես մանգաղաթեւերի համար չի նախատեսում այդպիսի հնարավորություններ: Կա էկոլոգիայի մի ճյուղ, որը կոչվում է էկոքաղաքաշինություն, որի մեջ մտնում է հենց այդ: Սկսում են ուսումնասիրել քաղաքի կենսաբազմազանությունը, թե ինչ տեսակային կազմ կա, ինչպես կարող են մի տեսակի տարածմանը նպաստել, մյուս տեսակը, որը վնաս է տալիս, թույլ չտալ, որ տարածվի, եւ այլն, որը չկա Հայաստանում: ԱՄՆ-ում, Եվրոպայում կան այդպիսի մասնագետներ, որոնք հենց դրանով են զբաղվում, բայց, ցավոք, մեզ մոտ դա չկա, մենք չենք կարողանում նույնիսկ մշտադիտարկում անել քաղաքի կենսաբազմազանության հետ կապված, հասկանալ տեսակային կազմի առկայությունը, ինչպիսի խնդիրներ ունենք»:
Երեւանի քաղաքապետարանից, սակայն, «Առավոտին» վստահեցրին, որ ամենօրյա ռեժիմով ծառերի սրսկումները կատարվում են, պարզապես արեւ-անձրեւ եղանակային պայմաններն են նպաստում, որպեսզի միջատներն այդքան առատորեն բազմանան:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
23.05.2018