Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանով անմեղ հռչակվածը պետությունից պահանջում է 142.000 եվրոյին համարժեք դրամ

Մայիս 24,2018 14:00

«Կալանավորման ողջ ժամանակահատվածում հայցվորը գտնվել է փակ խցում, մոտ 30 քմ ընդհանուր մակերեսով: Չնայած խուցը նախատեսված է եղել տասը կալանավորի համար, հիմնականում այնտեղ են գտնվել տասնհինգ մարդ, հայցվորը ստիպված է եղել հերթափոխով քնել, քանի որ մահճակալները չեն բավարարել բոլորի համար: Հայցվորը ստիպված է եղել քնել ցերեկները եւ հեռուստացույցի ձայնի տակ: Այս վիճակը բավական անհարմարություն եւ լարվածություն է առաջացրել»,-դիմելով Կենտրոնի դատարան՝ հայտնել է դատարանով արդարացված Ջորջ Թոսունյանը: Թոսունյանների ընտանիքի դեմ հանիրավի սկսված քրեական հետապնդման մասին «Առավոտն» անդրադարձել է պարբերաբար՝ գտնվելով Սյունիքի մարզի դատարանում:

Ջորջը ձերբակալվել էր 2013 թվականի հունվարի 18-ին: Երկու օր հետո մեղադրանք էր առաջադրվել, կալանավորվել էր:

Մեկ տարի հետո՝ փետրվարի 27-ին, կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 2014թ. դեկտեմբերի 22-ին Ջ. Թոսունյանը արդարացվել է, հռչակվել է նրա անմեղությունը:

Ջ. Թոսունյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խախտման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով:

Արդարացվածի ներկայացուցիչը ճանաչված փաստաբան Տիգրան Հայրապետյանն է:
Ըստ հայցի. «Սյունիքի մարզի դատարանն արդարացման դատավճիռ կայացնելով հաստատել է, որ նախաքննական մարմնի կողմից հայցվորին մեղադրանք առաջադրելով եւ նրան կալանավորելով խախտել է գործող Սահմանադրության 27 եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը»:

Ի դեպ, ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման, անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից եւ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել օրենքով նախատեսվածի առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ:

Այս գործով հայցվոր կողմը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է 142.000 եվրոյին համարժեք դրամ:

Հայցվորը հայտնել է, որ 1 տարի 10 օր գտնվելով անազատության մեջ, կրել է հոգեկան, ֆիզիկական տառապանք:

Հիշեցնենք, որ Ջորջը զինծառայող էր, եւ նրան անազատության մեջ պահեցին այն ժամանակ, երբ նրան մնացել էր ընդամենը չորս ամիս, մինչ ծառայությունը կավարտվեր, կզորացրվեր տուն:

Տիգրան Հայրապետյանը նշել էր, որ իր վստահորդը եղել է օրինակելի ուսանող, գերազանց է սովորել մագիստրատուրայում, չի ծխել, եւ գտնվելով քրեական անցյալ ունեցողների հետ մի խցում, կրել է հոգեկան, հուզական տառապանքներ:
«Խուցը նման էր քարանձավի: Խուցը ունեցել է փոքր պատուհան, ամառվա ամիսներին մաքուր օդ շնչելու համար կալանավորները հերթով են մոտեցել պատուհանին»,-նշել էր փաստաբանը:

Դատական նիստը նշանակվել է մայիսի 24-ին: Թոսունյանի հայրն «Առավոտին» ասաց, որ այս գործով դիմելու են նաեւ ՄԻԵԴ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031