Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի գործով նորանշանակ նախարարը միջնորդություն է ուղարկել դատարան

Մայիս 24,2018 13:30

Այս տարվա փետրվարի 18-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում լրագրող Արթուր Հովհաննիսյանի հայցն առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի դեմ:

Այդ գործով երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթը:

Հայցվոր լրագրողը վիճարկում է ԱՆ պաշտոնական կայքում «Պետք չէ ապավինել կեղծիքին, Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ տեղեկատվությունը: Լրագրողի կարծիքով՝ իր նկատմամբ առկա է վիրավորանք, զրպարտություն, ինչը պահանջում է հերքել, իրենից խնդրել հրապարակային ներողություն:

«Առավոտը» ԱՆ տեղեկությունը տպագրել էր որպես պաշտոնական տեղեկություն:
Գործի նախապատրաստման փուլում փոխվել է նախարարը, իսկ նոր նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 17-ին միջնորդություն է ուղարկել դատարան:

«Սույն գործով պարզելու համար արդյոք առողջապահության նախարարության պաշտոնական www.moh.am-ում 2017 թվականի դեկտեմբերի 11-ին հրապարակված նյութում տեղ գտած, հայցվորի կողմից որպես զրպարտություն որակված «Պետք չէ ապավինել կեղծիքին», «Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին եւ ստահոդ լուրերին: Ժամանակն է սթափվելու…» արտահայտությունը հիմնվո՞ւմ է ստույգ փաստերի վրա, թե՞ ոչ, անհրաժեշտություն է առաջացել պարզելու.

1. Արդյոք առողջապահության նախարարությունը խոսե՞լ է Այգաբացի միջնակարգ դպրոցի տնօրեն Հռիփսիկ Հուրոյանի հետ եւ արդյոք պարզե՞լ է այնտեղ տեղի պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից մարդու պապիլոմա վիրուսի պատվաստում կատարելու հանգամանքը:

2. Շիրակի մարզի Այգաբաց գյուղի պոլիկլինիկայի աշխատակիցների՝ Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոց այցելելու նպատակը:

3. Արդյոք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում նշյալ նյութում կատարված մեջբերումը համապատասխանո՞ւմ է իրականությանը. «Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ եւ պարզել, որ այնտեղ որեւէ մեկը չի պատվաստվել, պատվաստում կատարել: Պարզապես սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը եւ բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ եւ ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը: Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել եւ որեւէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել»:

Նախարարը միջնորդել է, որպեսզի դատակոչվի դպրոցի տնօրեն Հռիփսիկ Հուրոյանը:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031