Ուսման վարձերի նվազում, կոռուպցիոն համակարգերի վերացում,
ուսանողակենտրոն կրթություն`ահա նրանց ցանկությունների ոչ լրիվ ցանկը
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կրթական ոլորտի բարեփոխումներ են ակնկալում ու բարձրաձայնում են այն ամենի մասին, ինչը չի բավարարում իրենց:
Մանե Մուրադյանն, օրինակ, տեխնիկական հագեցվածության մասին է երազում, ինչի շնորհիվ դասերն ավելի հետաքրքիր ու պրակտիկ կլինեին: «Կցանկանայի, որ հաճախ դասերն անցկացվեին նաեւ համալսարանից դուրս։ Մի քանի դասերի ընթացքում եղել են թեմաներ, որ թռուցիկ ենք անցել, լավ կլիներ, որ այն, ինչի մասին խոսում ենք, գործնականում էլ փորձեինք: Ինձ համար կարեւոր խնդիրներից է պրակտիկայի հարցը, ցանկալի է, որ ոչ միայն ազատ օր տրամադրվեր պրակտիկայի համար, այլեւ դրա հարցում ուսանողին օժանդակեին ընդհանրապես»,-շեշտում է Մանեն։
Նելլի Պետրոսյանի ձեւակերպմամբ, հայաստանյան բուհական կրթական համակարգում որոշ խնդիրներ կան. «Չէի ցանկանա խոսել հեռակա ուսուցման կազմակերպման մեթոդների եւ ընդհանուր պատկերի մասին, որին ականատես ենք: Միանգամից կնշեմ մի քանի քայլ, որոնց իրագործումն, ըստ իս, միտված է բուհական կրթության որակի բարձրացմանը: Համալսարաններում պետք է գերակշռեն գործնական դասընթացները, քանի որ դրանք ուսանողի համար մասնագիտական դաշտ մտնելու առաջին փորձերն են: Տեխնիկական հագեցվածության խնդիր ունենք: Ինչո՞ւ պետք է դրա պատճառով (օրինակ, սմարթբորդի, համակարգչի, ինտերնետի բացակայության պատճառով) ուսանողը զրկվի պրեզենտացիոն աշխատանք ներկայացնելու հնարավորությունից: Դասախոսների հաճախելիությունը պետք է վերանայվի. կան այնպիսիք, որոնք մեկ կիսամյակի ընթացքում ուսանողին հանդիպում են ընդամենը մեկ անգամ: Ինձ համար նաեւ առանձնապես ընդունելի չէ այն պրակտիկան, երբ դասախոսի փոխարեն ուսանողն է գնում վերջինիս աշխատավայր դասի: Եթե այդտեղ դու գործնական գիտելիքներ չես ձեռք բերելու, ապա դասախոսը պարտավոր է ուսումնական պրոցեսը կազմակերպել համալսարանում»,- կարծում է ուսանողուհին: Նելլին նաեւ հավելում է. «Մասնագիտական գրականության հայալեզու թարգմանության պակաս կա: Իհարկե, օտար լեզուների իմացությունը մեծ առավելություն է, այսօր նաեւ հաճախ` պարտադիր, բայց մենք` ուսանողներս, չպիտի ստիպված լինենք օգտվել, օրինակ, ռուսալեզու ռեսուրսներից:
Ըստ իս, սխալ է նաեւ ուսանողներին ֆակուլտետի ղեկավար կազմի մակարդակով պարտադրելը, որ ուսման վարձերը վճարվեն կոնկրետ ժամկետում: Պետք է հստակ սահմանել, որ ուսման վարձավճարները փոխանցելու վերջնաժամկետը տարեվերջն է` առանց գնահատականների չեզոքացման վտանգի:
Խոստովանեմ նաեւ, որ նորանշանակ ԿԳ նախարարից սպասելիքներս մեծ են: Կարծում եմ` լինելով դասախոս, Արայիկ Հարությունյանը կարդարացնի ուսանողների սպասելիքները, քանի որ ուսանողների հետ ամենօրյա շփումը նպաստում է նրանց խնդիրները լավագույնս ճանաչելուն: Լիահույս եմ, որ կվերացվի շատ բուհերում, մասնավոր կրթական կառույցներում տիրող կոռուպցիոն մթնոլորտը եւ ինչ-ինչ բարքերը»:
Սվետա Պապոյանն էլ ասում է. «Կուզենայի ուսման վարձերը նվազեին, քանի որ Հայաստանի նման երկրում աշխատավարձը բավականին ցածր է, եւ հաճախ վարձը վճարելու համար մարդիկ ստիպված վերցնում են վարկեր: Երկրորդ փոփոխությունը, որ կուզենայի տեսնել, մասնագիտական պրակտիկայի հարցն է: Անգամ երրորդ կուրսի ուսանողը նորմալ պրակտիկա չունի։ Հաճախ ուսուցմանն անհրաժեշտ նյութերը տրամադրվում են ռուսերեն կամ անգլերեն, ու ուսանողների մի մասը չտիրապետելով օտար լեզուների, պետք է փորձի մյուս առարկաներին զուգահեռ թարգմանել ու սովորել»։
Թամարա Գասպարյանը հետեւյալ խնդիրներն է առանձնացնում. «Առաջինը դպրոցում եւ բուհում ստացած գիտելիքի կրկնությունն է, օրինակ` Հայոց պատմություն առարկայից երկու անգամ քննություն ենք հանձնում դպրոցում, հետո համալսարանում գրեթե նույնությամբ ուսումնասիրում այդ առարկան: Նույնը վերաբերում է նաեւ գրականության բազմաթիվ թեմաների ու հեղինակների: Թեմաների կրկնությունը ձանձրալի է դարձնում ուսման գործընթացը: Շատ է խոսվում բակալավրիատում եւ մագիստրատուրայում մատուցվող նյութի կրկնության մասին, սակայն չպետք է անտեսել դպրոցում եւ բուհում գիտելիքի կրկնությունը: Հաջորդ խնդիրը վերաբերում է օտարալեզու գրականությանը: Այն, իհարկե, շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում մասնագիտական համակողմանի գիտելիք ստանալու համար, սակայն օտարալեզու գրականությունից օգտվելը առաջին հերթին ժամանակատար է (հաշվի առնենք ծանրաբեռնվածությունը ուսման ընթացքում): Իմ կարծիքով` առաջանում է նաեւ լեզվամտածողության խնդիր. ինչքան էլ լավ տիրապետես լեզվին, պետք է քննությունը հանձնես հայոց լեզվով: Կա մեկ այլ խնդիր. ոչ բոլոր դպրոցներում են օտար լեզուները լավ մատուցվում, եւ շատ ուսանողների համար խնդիր է լինում օգտվել օտարալեզու գրականությունից, իսկ քննությունը տապալելուն էլ կարող է «նպաստել» որպես օտար լեզու գերմաներեն կամ ֆրանսերեն ուսումնասիրելը այն դեպքում, երբ գրականությունը անգլերեն է: Ստացվում է, որ լեզու չիմանալու պատճառով կարելի է ուղղակի չհանձնել քննությունը: Սա իսկապես մեծ խնդիր է: Ողջունելի է, որ դասախոսները օտարալեզու տարբեր գրքեր են հանձնարարում, սակայն, կարծում եմ, դա չպետք է լինի առաջնային նյութ: Մյուս խնդիրը դասերի` ավանդական ու ֆորմալ ձեւով անցկացումն է: Ինտերակտիվ դասերի պակաս կա»:
Նանե Պետրոսյանի տպավորությամբ, դասախոս-ուսանող համագործակցությունը կիսատ է ստացվում, իսկ լիարժեք լինելու համար կարեւորը գործնական արդյունքի տեսանելի լինելն է: Նանեն ասում է, որ միայն դասագրքի նյութը մատուցելը բավարար չէ. «Ստացվում է՝ քննություններին ստուգում ենք, թե ով լավ հիշողություն ունի, ու եթե դասախոսի դերը միայն դասագրքում եղածը ներկայացնելն է, ապա դա ինձ բավարար չէ: Ես ինքս էլ կարող եմ ընտրել, թե ինձ ինչ գիրք է հարկավոր: Շատ կարեւոր է որոշակի հմտությունների տիրապետելը, ինչը համալսարանում չես կարող ձեռք բերել»: Նանեն նաեւ հավելում է, որ ուսանողի ակտիվությունից էլ շատ բան է կախված. «Ոչ ոք առանձնապես մտահոգված չէ քո կրթություն ստանալ-չստանալով, եթե դու զգում ես կրթության պակաս, ապա ինքնակրթության ուղիներ կգտնես: Բուհը պետք է ուսանողակենտրոն լինի, կրթական ծրագիրը հենց ուսանողը կազմի»:
Ադրինե Նիդելյանը դժգոհում է պրակտիկ գիտելիքների պակասից եւ կիրառումից: Նա ցանկանում է համալսարանական կրթության շրջանում որոշակի դասեր անցնեին արտահամալսարանական միջավայրում: «Մի խնդիր էլ. չկա մեկը, որ լրջորեն համակարգի պրակտիկա կոչվածը: Կան գրքեր, քննական նյութեր, որոնցից ուղղակի սովորում ենք քննաշրջանի ընթացքում: Լուրջ խնդիր է առաջացնում տեխնիկական հագեցածության բացակայությունը:
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարում` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
«Առավոտ»
23.05.2018