Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունն» ու Արցախը. Բաքվի սպառնալիքները սաստկացան

Մայիս 24,2018 12:00

Ակնկալում են կողմերի միջեւ շտապ հանդիպում

Հայաստանում կառավարության փոփոխությունը որոշակի անդրադարձ ունեցավ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա՝ գոնե պաշտոնական հայտարարությունների առումով, թե՛ հայկական կողմից, թե՛ ադրբեջանական:

Նախ՝ ապրիլի վերջին, Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց, ՀՀ ԱԳ նախկին նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, այդ օրերին ԼՂ ՊԲ-ն հաղորդում էր շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին: Նալբանդյան-Լավրով հանդիպումից օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատուկ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»: Նրանք հավելել էին նաեւ, որ «ակնկալում են կողմերի հետ հնարավորինս շուտ հանդիպում ունենալ եւ վերականգնել ակտիվացած բանակցությունները՝ հակամարտության երկարատեւ ու խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Նալբանդյանի հետ հանդիպումից հետո՝ ապրիլի 27-ին, Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ օրերին ադրբեջանական գործակալությունները հայտնեցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում նշել է, որ մտադիր է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում. «Ձեզ հետ միասին մենք ահաբեկչության ոչնչացման հարցում կարող ենք առաջընթաց գրանցել, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Եվրոպայում էներգետիկ անվտանգության բարելավմանը հասնել։ Կոռուպցիայի դեմ պայքարում եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը ներդրում կլինի այդ ջանքերում»։

Մայիսի սկզբին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վստահեցրեց, որ Մոսկվան չի վերանայի իր մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Մենք այս հարցում ունենք մեր հետեւողական դիրքորոշումը եւ շարունակելու ենք կողմերին մեր աջակցությունը ցուցաբերել, սակայն անհրաժեշտ է սպասել, որ Հայաստանի քաղաքական իրավիճակը կայունանա»,- ասել էր Զախարովան: Մոսկվան կրկին շեշտեց, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է եւ հավանություն կտա լուծման այն տարբերակին, որն ընդունելի է հակամարտող կողմերի համար:

Փաշինյանի ղարաբաղյան շեշտադրումները

Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակում հնչեց մի կարեւոր հայտարարություն, ճիշտ է՝ ոչ վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանի, այլ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց այն անմիջապես արձագանքի արժանացավ: Փաշինյանն այդ օրն ասել էր. «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ի վերջո դառնալու է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս»:

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Արցախում էր, որտեղ մամլո ասուլիսում ընդգծեց, որ հակամարտության կարգավորման համար ամենակարեւոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձեւաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաեւ Արցախը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի` ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, այդ թվում` Ադրբեջանը, ցանկանում է լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն՝ սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը: Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է, եւ ինքը լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը` ի դեմս նախագահի»,- նշեց Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Արցախ, այլ ոչ թե որեւէ գերտերություն, վերջինս ժպիտով արձագանքել էր. «Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ…»: Փոխզիջումների մասին խոսք կարող է լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Ստեփանակերտում հրավիրած մամլո ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրի, որ Արցախի հարցի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է. «Այս հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ: Այս հակամարտությունը ծագել է այն բանի արդյունքում, երբ Արցախի հայությունը որոշել է պաշտպանել իր ամենատարրական իրավունքները, քանի որ Ադրբեջանը այն տարիներին ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂԻՄ-ի հայ բնակչության իրավունքները, այլեւ ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի եւ ինքնության իրավունքի վրա: Այդ սպառնալիքները ոչ թե բանավոր խոսքերով են արտահայտվել, այլ արտահայտվել են կոնկրետ գործողություններով` խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողություններ կիրառելով»,- նշեց Փաշինյանը:

Բաքվում ջղաձիգ են

Ստեփանակերտում Փաշինյանի ասուլիսի հենց հաջորդ օրը Բաքվից ջղաձիգ արձագանք հնչեց: Նախ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը եւ հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը միաժամանակ ընդգծել էր. «Ադրբեջանը պատրաստ է շարունակել առարկայական բանակցություններն առկա օրակարգի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը վիճարկում էր՝ ասելով, թե Հելսինկիում 1992թ. կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ՝ հակամարտ կողմեր են ճանաչվել Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքները ճանաչվել են շահագրգիռ կողմեր: Նա հիշատակել էր նաեւ ՄԱԿ-ի բանաձեւերը՝ այդ ամենը ներկայացնելով զուտ Բաքվի մեկնաբանություններով ու տեսանկյունից, ինչը հայկական կողմը մշտապես հերքել է ու հակադարձել:

Բաքուն, այսպիսով, հետեւողականորեն շրջանցում է, չի հիշատակում 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Հաջիեւը կրկնել էր Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերը միայն «ներքին ինքնորոշման իրավունք ունեն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ապա հավելել էր, թե Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի «իր նախորդների սխալները եւ առողջ դիվանագիտական քաղաքականություն կվարի»՝ ձգտելով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ:
Ավելի ուշ մեկնաբանությամբ էր հանդես եկել նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ ասելով, թե բանակցությունների ձեւաչափն արդեն հաստատված է ԵԱՀԿ-ի շրջանակներում, եւ այդ բանակցություններում որպես կողմեր են հանդես գալիս Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ միջնորդներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը: «Մենք հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այդ ձեւաչափով, եւ քննարկվելիք հիմնական հարցերն էլ կվերաբերեն տարածքների շուտափույթ ազատմանը»,- ասել էր Խալաֆովն ու շարունակել. «Նման փորձեր ձեռնարկվել են նաեւ նախկինում, բայց դա իրատեսական չէ եւ աբսուրդ է»:

Այնուհետեւ հերթն Իլհամ Ալիեւինն էր: Մայիսի 10-ին նա ելույթ էր ունենում հոր ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսությանը, որտեղ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ըստ էության կրկնել էր մինչ այժմ իր կողմից բազմիցս արված հայտարարությունները, ընդհուպ՝ որ «ադրբեջանական դրոշը մի օր կբարձրացվի Շուշիի ու Ստեփանակերտի վրա»: Նրա խոսքով՝ անցած 15 տարիների ընթացքում միջազգային շատ կառույցների հայտարարությունները, բանաձեւերը արտահայտում են Ադրբեջանի դիրքորոշումը: «Հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջովին վերականգնվի, պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը: Այդ բանաձեւերում բացահայտ նշված է, որ օկուպացիոն ուժերը անվերապահորեն պետք է դուրս բերվեն զավթված տարածքներից: Հակամարտության կարգավորման այլ ճանապարհներ գոյություն չունեն: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, երբեք չի եղել եւ չի լինի»: Ալիեւը կրկին սպառնացել էր, թե Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք թույլ չեն տա հայկական երկրորդ պետության ստեղծումը «ադրբեջանական հողերի վրա». «Եթե ինչ-որ մեկը այլ կերպ է մտածում, ապա, կարծում եմ, նա ապրում է սին պատրանքներով»: Ալիեւը վստահեցրել էր, որ ապագայում եւս կամրապնդեն իրենց սկզբունքային դիրքորոշումը՝ հավելելով, թե դրա համար Ադրբեջանը բավարար հնարավորություններ ունի ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ տարածաշրջանում. «Առանց մեր մասնակցության ոչ մի ծրագիր տարածաշրջանում հնարավոր չէ իրականացնել: Հայաստանը որքան շուտ հասկանա իրականությունը՝ այնքան շուտ կլուծվի հակամարտությունը, եւ մեր տարածաշրջանում խաղաղություն կտիրի»: Նրա խոսքով՝ «Ադրբեջանի զինված ուժերը օրեցօր ուժեղանում են», «ադրբեջանական բանակը դասում են աշխարհի 50 ուժեղ բանակների շարքում», «օր օրի ռազմական հզորությունը ուժեղանում է»:

Ալիեւին հաջորդեց արդեն երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որն էլ վստահեցրեց, թե Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների: Զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ Հասանովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել էր. «Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների կողմից հնչեցված անպատասխանատու հայտարարությունները եւ զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի մայիսի 24-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 23.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031