Ուկրաինայի Լուցկ քաղաքում ուժային եռամարտի աշխարհի առաջնությանը չեմպիոնի ու փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած գյումրեցի երկու մարզիկները՝ Դավիթ Պետրոսյանը և նրա մարզիչը՝ Արթուր Ավետիսյանը ցնցված են Ուկրաինայում հայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքից։ Արթուր Ավետիսյանը պատմեց, որ նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց, 5 օր շարունակ իրենց կողքից չեն հեռացել։
«Նրանք ամեն ձևի կանգնեցին մեր կողքին, համայնքի ղեկավարն էր այնտեղ, մի ուրիշ կերպ էին եկել մեզ դիմավորելու, աջակցելու։ 5 օր մրցումներ են անցկացվել, ամբողջ օրը նրանք այնտեղ էին։ 30-40 հոգի հայ համայնքից մի մարդու նման մեզ ոգեշնչում էին։ Ճանապարհին մեր ավտոբուսը փչացավ, 30 հոգին նորից եկան ու մեզ հասցրեցին Կիև, որպեսզի չուշանայինք թռիչքից»,- պատմեց Արթուր Ավետիսյանը։
Մեր դիտարկմանը՝ ուժային եռամարտը միակ սպորտաձևն էր, որից Գյումրին մինչ այդ չեմպիոններ չուներ, Արթուր Ավետիսյանն ասաց․ «Կարելի է ասել՝ այո, աշխարհի մակարդակով չեմպիոններ չենք ունեցել, առաջին չեմպիոնը դարձավ Պետրոսյան Դավիթը՝ միանգամից 3 ոսկե մեդալ նվաճելով»։
Դավիթն էլ արձագանքեց․ «Ոսկե մեդալ նվաճելը կփորձենք դարձնել ավանդույթ»։
Մեր զրուցակիցները նաև ասում են, որ այս սպորտաձևն աշխարհում մեծ տարածում ունի, ուղղակի, որ օլիմպիական սպորտաձև չէ, Հայաստանում քիչ տարածում ունի։ «Մենք ուզում ենք զարկ տալ զարգացմանը, որ ամբողջ հայ ազգը տեսնի՝ կա այսպիսի սպորտաձև, և մարդիկ զբաղվում են Հայաստանում։ էլի եմ կրկնում՝ ուղղակի օլիմպիական սպորտաձև չլինելու պատճառով մարդիկ քիչ են զբաղվում, բայց լուրջ մրցումներ են անցկացվում․ հունիսի 30-ին Բաթումիում սպասվում է Եվրոպայի առաջնությունը, որին մենք մասնակցություն ենք ունենալու։ Խոստանում ենք ունենալ լուրջ արդյունքներ, նաև ինչու չէ՝ ոսկե մեդալ»,-ասաց Արթուր Ավետիսյանը։
Նա նաև նշեց, որ կան որոշակի խնդիրներ այս սպորտաձևի տարածման համար․ Հայաստանում մարզիկն ինքն իրեն պիտի հովանավորի մրցումներին մասնակցելու համար, իսկ դա ոչ բոլորին է հաջողվում։
«Սպորտդահլիճ ունենալ-չունենալը մեզ ավելի քիչ է հետաքրքրում, քան ճանապարհածախս, հյուրանոցների վճար և այլն»,- ասաց Արթուր Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը քաղաքապետ Սամվել Բալասանյանին տեղեկացրեց, որ մարզիկները վարկ են վերցրել, որպեսզի հասնեն Ուկրաինա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, ֆեդերացիան գումար չի հատկացրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ