Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ համազեկուցողները զարմացած էին ՀՀ-ում տեղի ունեցածով և նրանով, որ գործադիրում այլ ուժ է, ԱԺ մեծամասնությունը՝ այլ». Ավետիք Իշխանյան

Մայիս 23,2018 20:07

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) եւ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը զարմանք են հայտնել ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների՝ մասնավորապես համաժողովրդական շարժման և թավշյա հեղափոխության վերաբերյալ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ այս հանդիպումը նախորդներից շատ էր տարբերվում:

Հետաքրքրվեցինք՝ համազեկուցողների տրամադրվածությունից զգացվո՞ւմ էր, որ հեղափոխությունից հետո Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում բարձրացել է, պարոն Նավասարդյանը պատասխանվեց՝ նման բան ասել չի կարող: Նա տեղեկացրեց՝ ավելի շատ համազեկուցողներն էին ցանկանում փորձագետների կարծիքները լսել, քան կարծիքներ հայտնել. «Եթե նախկինում հիմնականում ոլորտային խնդիրներն էին քննարկվում բարեփոխումների ճանապարհով ՀՀ առաջադիմության ապահովման հարցով, ապա հիմա ԵԽԽՎ համազեկուցողներն ավելի շատ փորձում էին հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ինչ կարելի է սպասել ընդհանուր քաղաքականության իմաստով»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ առանց իրավիճակի քաղաքական գնահատականի՝ շատ դժվար է նաև որոշել՝ ինչ ուղղություններ կան բարեփոխումների համար: Դառնալով այսպիսի հանդիպումներին՝ պարոն Նավասարդյանը նկատեց՝ դրանք բոլորը նախապատրաստական բնույթի են, որոնց պիտի ավելի հստակ օրակարգ հետևի, թե ինչպիսին կլինի երկկողմանի համագործակցությունը Հայաստանի և համապատասխան միջազգային կառույցների միջև:

Պարոն Նավասարդյանը նշեց, որ համազեկուցողները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ավելի շատ բացատրություններ, կարծիքներ էին ակնկալում  զարգացումների և հնարավոր սցենարների մասին, ինչից էլ կբխեն առաջնահերթությունները  հետագա գործողությունների համար:

Բորիս Նավասարդյանի տեղեկացմամբ՝ քննարկման ընթացքում շեշտադրում է կատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա. ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, ինչպիսի՞ ժամկետներում է հնարավոր անցկացնել այդ ընտրությունները: Այս առիթով պարոն Նավասարդյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի գործառույթը մոտակա ամիսներին պիտի կապված լինի այդ ընտրությունների նախապատրաստման և օրենսդրական ու կազմակերպական անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու խնդրի հետ: Մեր հարցին՝ դեռ երկա՞ր կսպասենք այդ ընտրություններին, քանի որ սկզբում դրանք ավելի մոտ էին թվում, քան հիմա, երբ գործադիրը ձևավորվել է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց.

«Այն բանաձևը, որը Նիկոլ Փաշինյանն էր ներկայացնում՝ համագործակցելու ենք, որ խորհրդարանի կազմն արտացոլի նաև այսօրվա հնարավոր քաղաքական համակրանքները, բայց միևնույն ժամանակ պետք է հնարավորություն տրվի քաղաքական դաշտին նախապատրաստվել այդ ընտրություններին, տրամաբանական է: Պարզ է, որ այնպիսի հեղափոխությունից հետո, ինչ ունեցել ենք, լուրջ քաղաքական վերադասավորումներն անխուսափելի են, և համապատասխան մարդկանց, որոնք իրենց ակտիվ դերն են տեսնում ՀՀ քաղաքական կյանքում, անհրաժեշտ է կողմնորոշվել և այդ վերադասավորումներում ակտիվ մասնակցություն ունենալ»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ դա մի քանի ամսվա գործընթաց է, և բացի ընտրություններին ընդհանուր նախապատրաստական աշխատանքներից և ԸՕ-ի բարելավման և ընտրական հանձնաժողովների  ավելի բարձր որակ ապահովելուց, պետք է զուգահեռ գնան քաղաքական վերադասավորումները: Այդ երկու հանգամանքը հաշվի առնելով՝ ըստ պարոն Նավասարդյանի պետք է գտնել ոսկե միջինը, և ընտրությունների անցկացումը չպետք է ավելի ուշ լինի, քան այս տարեվերջը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ ինչպես ամբողջ աշխարհում և Հայաստանում, ԵԽԽՎ համազեկուցողները ևս զարմացած էին ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներով. «Զարմացած էին ՀՀ-ում ստեղծված իրավիճակով, երբ խորհրդարանական մեծամասնությունը մի ուժից է, կառավարությունը՝ այլ, նրանց հետաքրքրում էր, թե ինչ տեղի ունեցավ: Իրենք էլ էին զարմացած, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, ընտրությունները երբ կարող են տեղի ունենալ, դրա համար ինչ նախադրյալներ են կարևոր և ինչ սպասելիքներ կան մարդու իրավունքների բարելավման ոլորտում»: Մեր հստակեցմանը՝ հատկապես ինչո՞ւ էին զարմացած, պարոն Իշխանյանն արձագանքեց. «Ինչպես աշխարհի շատ պետությունների, ինչպես ՀՀ քաղաքացիների, հայ քաղաքական գործիչների համար, նրանց համար էլ էր զարմանալի այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում: Բոլորի համար էլ անսպասելի էր, քանի որ ՀՀ-ն ԵԽԽՎ անդամ է, և համազեկուցողները եկել էին տեսնեն, թե ինչ է Հայաստանում կատարվում»:

Ավետիք Իշխանյանն էլ պատմեց, թե համազեկուցողներն ավելի շատ իրենք էին կարծիքներ ուզում լսել: Անդրադառնալով իր հնչեցրած հարցերին և բարձրացրած խնդիրներին՝ պարոն Իշխանյանը փոխանցեց՝ բարձրաձայնել է այն մասին, որ խոստումներ են եղել՝ ՀՀ-ում կլինեն  դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ: Նաև հայտարարել է՝ սպասելիքներ կան քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031