Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է». Զոհրաբ Մնացականյան

Մայիս 23,2018 20:21

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

Կարեն Բեքարյան. Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Շնորհավորում ենք, պարո՛ն Մնացականյան: Հարցս հետևյալն է. եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Ի՞նչն էի ցանկանում ճշտել, հնարավորության սահմաններում. կա՞ արդեն հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք շարունակականության վրա՞ ենք, թե՞ ինչ-որ փոփոխություն ունենք: Սա հարցի առաջին բաղադրիչն է: Երկրորդը կապված է մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ թե՛ մեր մասով, թե՛, որքանով տեղեկացված են, նույն Ադրբեջանի մասով: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Այո՛, իսկապես, մենք սպասում ենք համանախագահների հետ երկխոսության գործընթացի մեջ մտնելուն։ Մեզ համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որովհետև դրա հիմքում դրված է հանձնառությունը` շարունակելու խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին բարձրաձայնվել է և՛ վարչապետի կողմից, և՛ տարբեր առիթներով` մեր կողմից: Մեզ համար շատ էական է այդ դինամիկան պահպանելը:

Պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս կունենանք այդ հնարավորությունը՝ հանդիպելու, ամբողջ գործընթացը, այսպես ասած, վերականգնելու: Մենք առիթ ունեցանք խոսելու համանախագահների հետ. արդեն կապի մեջ ենք իրենց հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Իրենք տեղեկացրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը:

Ինչպես նշեցի, ինչ վերաբերում է դիրքորոշմանը, մեր դիրքորոշման շարունակականությունը նույնպես արտահայտվել է: Դրա հիմքում, ես կարող եմ նորից վերահաստատել, առաջնային, ամենակարևոր սկզբունքը բացառապես բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ գործընթացի երաշխավորումն է, ապահովումը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առումով մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանն այն առումով, որ չունենանք որևէ զարգացում, որը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա, մթնոլորտը փչացնելու վրա, որևէ իրավիճակ, որը կարող է բերել էսկալացիայի. լինի դա էսկալացիա անմիջապես տեղում կամ որևէ դիվանագիտական հարթակում, այն բարդացնելու է գործընթացը: Հորդորում ենք խուսափել նման իրավիճակներից և բնականոն ձևով վերականգնել մեր բանակցային գործընթացը: Շնորհակալություն:

Կարեն Բեքարյան. Շնորհակալ եմ շատ, պարո՛ն Մնացականյան: Եվ հարցի երկրորդ մասը: Վերջին մի քանի օրերի ընթացքում բավական մեծ ակտիվացում ենք նկատում՝ Ադրբեջանի նախագահի այց Նախիջևան, Նախիջևանում հավաք, զրույց, ինչպես միշտ, ոչ շատ լավ հռետորաբանությամբ: Մինչ այդ առիթ ունեցաք Դուք էլ պաշտպանության նախարարի հետ լինել այնտեղ: Մենք այնտեղ ինչ-որ արտասովոր բա՞ն ենք նկատում պրոցեսում, թե՞ սա պետք է դիտարկել ընդհանուր մշտական գործող հռետորաբանության ներքո, ինչն առկա էր բավական երկար ժամանակ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Իրապես, այդ այցը նպատակ ուներ, եթե ուզում եք այդպես ասենք, կանխարգելել և ազդակ փոխանցել, որ մենք շատ ուշադիր ենք և շատ մեծ կարևորություն ենք տալիս` բացառելու որևէ զարգացում, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա: Հուսով եմ, որ որևէ ուրիշ զարգացում չենք ունենա: Բայց մեր կողմից մեծ կարևորություն է տրվում հենց այդ նպատակին ևս՝ բացառել որևէ նման զարգացում, որևէ էսկալացիա: Դա դրական որևէ դեր չի ունենալու բանակցային գործընթացում:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Ազգային ժողովում

Պարա ԹիՎի. Պարո՛ն նախարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ ասել է, որ հայտարարությանը, որ Հայաստանը հակամարտության կողմ է, հաջորդեց Վիգեն Սարգսյանի պատասխանը, որ հակամարտող կողմ անվանելը ռիսկային իրավիճակ է ստեղծում: Ձեր գնահատմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ թույլ տվե՞լ է այդտեղ:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ դրվագը, ես միայն վերահաստատում եմ, ինչպես և վարչապետն է վերահաստատել, որ մենք այժմ կենտրոնացած ենք մեկ հարցի վրա. բանակցությունների շարունակությունը ձևավորված ֆորմատում, բացառապես Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Եվ մեզ այժմ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների դինամիկան: Սա գերագույն հարցն է:

Պարա ԹիՎի. Ղարաբաղին բանակցային սեղան բերելու առաջին քայլը ո՞րն է լինելու: Ինչի՞ց եք սկսելու, որ դա հաջողի:

Զոհրաբ Մնացականյան. Ես կրկնեմ, գերակա հարցը այժմ դինամիկան վերականգնելն է և բանակցությունների մեջ վերմտնելը:

Սիվիլնեթ. Ինչո՞ւ համաձայնեցիք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատել: Տարիներ շարունակ Փաշինյանը հակադիր կողմում էր այս իշխանությունների հետ: Ինչո՞ւ համաձայնեցիք այս դեպքում աշխատել պարոն Փաշինյանի հետ:

Զոհրաբ Մնացականյան. Մեր կյանքում բոլորս կրում ենք պատասխանատվություն, և պատասխանատվությունն այս երկրի համար է, պատասխանատվությունն այս հիասքանչ մթնոլորտի համար է, որ այս երկրում կա բոլոր ժամանակներում: Հատկապես, երբ նայում եմ Ձեզ՝ երիտասարդներիդ, շատ ոգևորված եմ ինձ զգում, որովհետև մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ՝ նաև իմ փորձից ելնելով: Աշխատանքի բերումով ապրել եմ բազմաթիվ երկրներում, միշտ տեսել եմ այս երկրի այդ որակը, որ ինձ հսկայական ոգևորություն է տվել. դա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է և պարտավորությունը:

Պարա ԹիՎի. Այս օրերի աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ Ձեզ վստահություն ներշնչե՞լ է:

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում:

Պարա ԹիՎի. Քննարկումներ ունեցե՞լ եք, ներգրավվում է Ձեզ հարցերում:

Զոհրաբ Մնացականյան. Այո՛, իհարկե, ամեն հարցի շուրջ քննարկումներ ունենում ենք։ Նորից եմ կրկնում, պատասխանատու, հասուն թիմային աշխատանք է:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031