Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը բողոքարկել է Դիլիջանի զինկոմի որդու արդարացման դատավճիռը

Մայիս 23,2018 19:44

Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը մեղադրվել է այն բանում, որ 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ, որի ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Միքայելյանին: Վերջինս փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ:

Նույն օրը ժամը 18.30-ի սահմաններում Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, շրջել են Դիլիջանում, սպասելով Դ. Հակոբյանի զանգին: Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր` Դիլիջանի Շամախյան թաղամաս: Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից:

Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Դ. Հակոբյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդին է: 2016թ. փետրվարի 24-ին որոշում է կայացվել Դ. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016թ. փետրվարի 24-ին Տավուշի մարզի դատարանի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը`2 ամիս ժամկետով:

2016թ. մարտի 9-ին Դ. Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: 2016թ. նոյեմբերի 22-ին Դ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Դ. Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչել, ասելով, որ մեղադրանքի հետ առնչություն չունի: Նա չի ցանկացել ցուցմունք տալ, սակայն պատասխանելով հարցերին`ասել է, որ ինքը երբեւէ զենք չի ունեցել, նույնիսկ չգիտի, թե «ԱԿ» տեսակի ինքնաձիգն իրենից ինչ է ներկայացնում, Ս. Միքայելյանին ճանաչում է քրեական գործի շրջանակներում, նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում, բաղնիք գնալիս, տեսնելով, որ կաղում է, հետո նրան մոտիկից տեսել է կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայում, դատարան գնալիս, նրան ասել է, որ հանկարծ չմտածի, որ ինքն է նրա վրա կրակել, չլսի պրովոկացիաներին:

Ս. Միքայելյանը դատաքննչության ընթացքում ցուցմունք է տվել, որ Դ. Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրում, նրա հետ որեւէ թշնամություն չի ունեցել: Մեղադրողը պահանջել է Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանն արձանագրել է, որ նշված քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքներ, (մասնավորապես, այնպիսիք, որոնք վերաբերում են կատարված հանցագործություններին մասնակցությանը) անհրաժեշտ խորությամբ եւ լրիվությամբ նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնել , նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում:

Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ կայացնելով մեղադրական դատավճիռ: Քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ գործով հերթական նիստը նշանակված է մայիսի 31-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031