Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե զինվորներին հիգիենիկ պայմաններով ու ներքնաշորերով ապահովելու խոստումը ե՞րբ է կատարելու եւ ինչքանո՞վ է փոխվելու սննդակարգը:
Փաշինյանը պատասխանեց, որ ինքն արդեն խնդրել է ծնողներին, որ իրենց երեխաներին հիգիենայի պարագաներ չուղարկեն, ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները վստահեցրել են, որ իրենք ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների այն կարիքները, որոնց բավարարման պարտավորությունը կրում են օրենսդրությամբ:
Փաշինյանն ասաց, որ զինվորներին տրամադրվող սննդի եւ որոշ հագուստի որակի հարցը պետք է դեռ լուծվի. «Կան մեխանիզմներ, որոնց նպատակահարմարությունը խիստ կասկածի տակ է, պետք է արդյունավետությունը բարձրացնենք»:
Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ երբեմն ծագում են անսպասելի պրոբլեմներ, որովհետեւ վարչապետի կողմից տրված հրահանգներն ու հրամանները պաշտոնյաների կողմից մեկնաբանվում են շատ կամայական. «Այն, ինչ ասվում է, ոչ թե զինվորների կյանքը բարդացնելու այլ զինվորների եւ նրանց ծնողների կյանքը հեշտացնելու մասին է: Հրամանատարներին կոչ եմ անում այդ հրահանգները հակառակ կերպ չմեկնաբանել»:
Իսկ ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հարցրեց, թե Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված ինչ միջոցառումներ են ձեռնարկում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տոն է լինելու ոչ միայն մայիսի 28-ը, այլ ողջ տարին եւ վստահեցրեց, որ պատշաճ մակարդակով պետք է նշվի, հրապարակում նշվելու է, հրավառություն է լինելու: Առաքելյանը նաեւ հարցրեց, թե Արամ Մանուկյանի արձանի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Փաշինյանը պատասխանեց, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է. «Այդ թեման քննարկել ենք եւ կառավարությունում, եւ ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ: Մենք շատ կարեւորումենք արձանի տեղադրման արարողությունը, այն, անպայման, տեղի կունենա, որոշակի մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված: Քիչ հեռավորության վրա գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե ինչքանով է այդտեղ տեղադրելը ճիշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ