Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ ՀՀ-ում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը 13 մլն եվրո է». Աշոտյանը՝ Փաշինյանին

Մայիս 23,2018 17:51

Այսօր ԱԺ-ում մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցին Հրաչյա Հակոբյանը հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի գողական բառապաշառով եթերի, սերիալների մասին: Մակունցը պատասխանեց, որ այդտեղ անելիքներ կան, պետք է հասկանան, թե բանակցային ինչ ձեւաչափով կարելի է քաղաքականություն հրամցնել այդ ոլորտում:

Պատգամավորը առաջարկեց, որ թատրոնների դերասանների աշխատավարձը այնքան բարձրացնեն, որ նրանք այլեւս կարիք չունենան նկարվելու սերիալներում: Մակունցը պատասխանեց. «Միասին պիտի աշխատենք»: Նա ասաց, որ առայժմ ախտորոշում է անում նախարարությունում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Կա հրատապ հարց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացվեց ԱԺ-ի կողմից, հունիսի 1-ին մտնում է ուժի մեջ: Թեեւ ժամանակին, պարոն Փաշինյան, բարձր չեք արտահայտվել այդ համաձայնագրի մասին, բայց ձեր կառավարությունն է կյանքի կոչելու այն, ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրագործումը պլանավորվի եւ կյանքի կոչվի»:

Նա նաեւ հարցրեց այս տարի ստորագրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության գերակայություններ փաստաթուղթը, այն վերանայվելո՞ւ է՝ ելնելով կառավարության նոր գերակայություններից:

Փաշինյանը պատասխանեց, որ մինչեւ նույնիսկ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կողմերին կոչ էր անում ցուցաբերել քաղաքական կամք եւ ստորագրել ԵՄ-ի հետ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Նա հիշեցրեց, որ «Ելքը» կողմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը, իսկ ինքը հայտնի հանգամանքների բերումով ներկա չի եղել:

Փաշինյանն ասաց, որ ԵՄ երկիրների կողմից համաձայնագրի վավերացումն ընթացքի մեջ է. «Երեկ այդ հարցը քննարկվել է նաեւ Կիպրոսի սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Մենք հույս ունենք, որ ԵՄ երկրները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն»:

Աշոտյանն ասաց, որ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել մինչեւ 25 տոկոս ավելացնելու ֆինանսական աջակցությունը. «Լավ է հնչում, բայց երբ որ բաժանում ենք 3 տարվա վրա, ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը 13 մլն եվրո է տարեկան: Կարծում եմ, դուք ձեր ջանքերը եւ մեր ստեղծած հնարավորությունները ավելի թանկ պետք է գնահատեք»:

Փաշինյանը պատասխանեց, որ տարբեր կողմերից են հիմա հնչում խոստումներ աջակցելու Հայաստանին բարեփոխումների ճանապարհին, ուստի արդյունքում այլ թվաբանություն կստանան: Փաշինյանն ընդգծեց, որ մենք չպետք է շարունակենք այն գործելաոճը, որ անընդհատ դրսի ձեռքին նայենք, թե մեզ ինչքան գումար կտան. «Կան ռեսուրսներ, այդ ռեսուրսների մի զգալի մասը ստվերում է, գուցե է թե օֆշորային գոտիներում էլ կան հայկական ռեսուրսներ: Մենք այս իմաստով Հայաստանի կարգավիճակի որոշակի փոփոխություն պետք է արձանագրենք, նաեւ պետք է կարողանանք ընտրել, թե ինչպիսի աջակցություն է մեզ անհրաժեշտ ու ինչ չափով: Ես հավաստիացնում եմ, որ մենք այսօր ունենք այդ ընտրությունը, որեւէ ընտրություն չի կատարվի ՀՀ ինքնիշխանության եւ արժանապատվության հաշվին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Իսկ ինչ վատ բան կա երբ թատրոնի դերասանը նկարահանվում է սերիալում, դա իր մասնագիտությունն է, բա էլ որտեղ նկարահանվի: Հենց դերասանը պետք է նկաևահանվի և ոչ թե պատահական մարդիկ: Այստեղ կարևոր հարցը սերիալների որակի բացակայությունն է և ոչ թե դերասանների մասնացությունը: Իսկ թատրոններում դերասանի աշխատավարձի բաձրացումը պետք է լինի մրցակցության պայմաններում, լավ ներկայացում, շատ հանդիսատեսը, շատ վաճառված տոմսեր և հետևաբար բարձր աշխատավարձ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031