«Տուգանքը սրանով չի վերացվում, պարզապես այդ իրավախախտումների պարագայում ոստիկանը բանավոր նախազգուշացնում է վարորդին եւ հորդորում, որ պետք չէ օրենք խախտել եւ ծխել»,-Ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՃՈ իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը՝ պարզաբանելով ոստիկանության այսօրվա որոշումը, համաձայն որի՝ այսուհետեւ ծխող վարորդը տուգանքի չի ենթարկվի: Նա հստակեցրեց, որ նշյալ որոշումը վերաբերում է անհատ վարորդներին, ոչ թե հասարակական տրանսպորտի վարորդներին:
Արման Չիլինգարյանն անդրադարձավ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են պատրաստվում լուծել հասարակական տրանսպորտում ծխող վարորդների հարցը: «Հաշվի կառնենք եւ կփոխանցենք մեր համապատասխան ծառայություններին, որպեսզի շատ մեծ ուշադրություն դարձնեն այդ հարցին»,-վստահեցրեց Արման Չիլինգարյանը: Ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե ոստիկանությունն ինչ կարծիքի է այն մասին, որ ԱԺ-ն հիմա էլ ցանկանում է փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում եւ ոստիկաններին արգելել տեսախցիկներ կրել: Արման Չիլինգարյանն ասաց, որ այս պահին հարցը մեկնաբանել չեն կարող: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից իրենց ամրակցված այդ տեսախցիկների հնարավոր կամայական օգտագործմանը, Արման Չիլինգարյանը դա բացառեց:
Ապա հավելեց. «Ոստիկանը տեսախցիկից չի կարող նյութ ջնջել կամ ավելացնել: Դա հատուկ պայմաններում է արվում՝ հատուկ մասնագետի կողմից՝ համապատասխան համակարգիչներով: Եղել են դեպքեր, երբ ծառայողական քննություններ են իրականացվել եւ որոշ ոստիկաններ կարգապահական տույժերի են ենթարկվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ