ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ճշտեց՝ մոտ ժամանակներս ճի՞շտ է, որ ՌԴ-ն պատրաստվում է ՀՀ-ի ԶՈՒ-ին մատակարարել Тор հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային պաշտպանությունը, ե՞րբ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հասկանալի է, որ հարցի ուղիղ պատասխանը պարունակում է պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության եւ հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի: Շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված ռուսաստանցի մեր գործընկերների հետ եւ կարծում եմ, առաջիկայում այդ մթնոլորտը կշարունակի այդպիսին լինել, նույնիսկ՝ ավելի լավ: Կարծում եմ, ՀՀ-ի եւ ՌԴ-ի իշխանությունների միջեւ փոխադարձ վստահության նախնական մթնոլորտ կա ու այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»:
Հակոբյանն արձագանքեց, որ Тор համակարգը կփոխի մեր հակաօդային պաշտպանությունը, բայց հստակեցրեց՝ դա նո՞ր պայմանավորվածություն է, թե՞ նախկին վարկի հետ է կապված: Փաշինյանը պատասխանեց, որ նախկինում էլ վարկային համաձայնագրի հարցը, որ քննարկել են ԱԺ-ում, բաց չեն քննարկել:
Նա ասաց, որ վարկային համաձայնագրով տրամադրվելիք զենքերի ցանկը պատգամավորները պետք է որ իմանային ու ԱԺ-ում այն բաց չեն կարող քննարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ