Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կամք եղավ». Ոստիկանության քայլը վարչապետի հանձնարարականի արդյունքն է

Մայիս 23,2018 17:26

«Ուսումնասիրությունները կատարվել են վարչապետի հանձնարարականի հիման վրա, բայց նոր չէ, որ վիճակագրական տվյալներ ենք ունեցել իրավախախտումների ոլորտում: Մենք ընտրել ենք այն իրավախախտումները, որոնց պարագայում տուգանք չկիրառելը չի անդրադառնա երթեւեկության անվտանգության ապահովման վրա»,-Ոստիկանությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ոստիկանության այսօրվա որոշմանն այն մասին, որ տեխնիկական միջոցներով հայտնաբերված մի շարք իրավախախտումների պարագայում վարորդներն ազատվում են վարչական պատասխանատվությունից՝ տուգանքների վճարումից: Լրագրողները նկատեցին՝ «ստացվում է, որ ոստիկանությունը նախկինում սխալվո՞ւմ էր արագաչափերի կիրառման հարցում»:

Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց դիտարկման հետ՝ ասելով. «Մենք սա ձեռնարկել ենք՝ ելնելով իրավիճակից: Տարիներ առաջ, երբ տեսահսկող համակարգերը սկսեցինք կիրառել, այլ իրավիճակ էր: Հիմա ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման մշակույթ է արդեն ձեւավորվել»: Խաչատրյանը հավելեց՝ եթե այս ամենը արդյունք չտա եւ պարզվի, որ այդ մշակույթն ամրապնդված չէ, ՃՈ-ն չի բացառում, որ հարկադրանքի միջոցներին կվերադառնա:

Իսկ թե ինչու մինչ օրս ոստիկանությունը չէր գնում նման քայլի, ոստիկանության պաշտոնյան նշեց, որ վարչապետի հանձնարարականով են առաջնորդվել. «Քաղաքական որոշում եւ կամք եղավ, որպեսզի վարչական ակտերի քանակը նվազի՝ հաշվի առնելով այն փաստը, որ ճանապարհային երթեւեկության կանոնները հնարավոր է պահպանել առանց տուգանքներ կիրառելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031