Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց՝ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց սպասվում Երեւան, կա՞ արդեն հստակություն՝ մեր դիրքորոշումներում մենք փոփոխություն ունե՞նք, թե՞ պետք է շարունակական լինենք:
Նախարարը պատասխանեց, որ մեզ համար էական է պահպանել դինամիկան գործընթացի, որովհետեւ դրա հիմքում դրված է հանձնառություն շարունակել խաղաղ գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. «Մենք պայմանավորվեցինք, որ մոտակա ժամանակներս մենք կունենանք այդ հնարավորությունը՝ վերականգնելու ամբողջ գործընթացը:՚
Նա ասաց, որ արդեն կապի մեջ են, հեռախոսազրույց են ունեցել համանախագահների հետ. «Իրենք տեղեկացրել են հանդիպման մասին մյուս կողմի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մենք նախատեսում ենք հունիսին վերականգնելու այդ գործընթացը»: Նախարարն ասաց. «Մեր դիրքորոշման շարունակականությունն է հաստատվել, դրա հիմքում առաջիկայում ամենակարեւոր սկզբունքը դա բացառապես բանակցությունների միջոցով խաղաղ գործընթացի ապահովումն է Մինսկի խմբի շրջանակներում: Մենք ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը, որ որեւէ զարգացումներ չունենանք, որոնք բացասական ազդեցություն կունենան բանակցությունների վրա, կփչացնեն մթնոլորտը. «Որեւէ իրավիճակներ դիվանագիտական որեւէ հարթակում, որոնք կարող են բերել էսկալացիայի, բարդացնելու է գործընթացը: Մենք հորդորելու ենք, որ խուսափենք էսկալացիայից եւ բնականոն ձեւով վերականգնենք բանակցությունների գործընթացը»:
Բեքարյանն արձագանքեց, որ վերջին օրերին բավականին մեծ ակտիվացում է նկատվում՝ Ադրբեջանի նախագահի այց Նախիջեւան, Նախիջեւանում հավաք, զրույց՝ ոչ շատ լավ հռետորաբանությամբ, մինչ այդ նաեւ ՀՀ արտգործնախարարի եւ ՊՆ նախարարի այց եղավ այնտեղ, ուստի հարցրեց՝ մենք այդտեղ արտասովոր ինչ-որ բա՞ն ենք դիտարկում գործընթացում: Մնացականյանը պատասխանեց, որ այդ այցը նպատակ ուներ կանխարգելել էսկալացիան եւ ազդակը փոխանցել, որ մենք շատ ուշադիր ենք եւ մեծ կարեւորություն ենք տալիս բացառելու որեւէ զարգացումներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ այս շրջանում, առավել եւս՝ բանակցությունների գործընթացի վրա. «Հուսով եմ, մենք այս շրջանում որեւէ ուրիշ ազդեցություն չենք ունենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ