ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:
Պարզվել է նաև, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնագետի, և երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի և սոցիոլոգի հաստիքներ ունի նաև «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:
Բացի այդ, «ՍԹ…» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ… Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաև «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձևավորվել են «ՍԹ…» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 և 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 և 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% և 97%:
Պարզվել է նաև, որ «ՍԹ…», «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:
Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ…» ՍՊԸ կողմից «Ս… Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու և հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս…Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «ՍԹ…» ՍՊԸ միջև կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:
Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերևույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: