Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն արձագանքում է Սեֆիլյանին. «Չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ»

Մայիս 23,2018 17:16

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն արդեն սկսվել է եւ կշարունակվի: Այսօր այս մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանն իր բաց նամակում ասում է՝ եթե քաղբանտարկյալներին բաց չթողնեն, սա հղի է վտանգավոր երեւույթներով, ի՞նչ վտանգների մասին է խոսքը, Փաշինյանը պատասխանեց. «Ուզում եմ մի բան հստակ արձանագրել՝ չի կարելի բռնության սպառնալիքներով կամ բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Եվ ես հույս ունեմ, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ»:

Սեֆիլյանն իր այդ նամակում դիմելով վարչապետին, գրել էր՝ «Դուք լվացել եք ձեր ձեռքերը»: Անդրադառնալով Սեֆիլյանի այս խոսքերին, Փաշինյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե՝ ինչ է նշանակում ձեռքերը լվանալ. «Եթե խոսքը այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ այդ դիրքորոշումը: Որովհետեւ որեւէ նպատակով դատավորներին հրահանգ տալը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթացը: Ես ինքս ինձ այդպիսի գործընթացի մեջ չեմ դնի, որովհետեւ եթե մենք մի անգամ դատավորին հրահանգ տանք, դատարանն այլեւս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի՝ սրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով: Մենք շատ կարեւորում ենք անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանի Հանրապետությունում»:

Ապա Փաշինյանը նշեց՝ անկախ դատական համակարգի կայացման համար երկու կարեւոր գործիք է պետք՝ դատարաններին իշխանական կաբինետներից եւ որեւէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն, եւ որեւէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի. «Ահա այս սահմաններում յուրաքանչյուր դատավոր, որը հավակնել է մտածել է, որ ինքը կարող է լինել եւ աշխատել դատավոր, ինքը պարտավոր է իր իրավասությունների շրջանակներում կայացնել վճիռներ: Ահա քաղաքական այս պայմանն ապահովված է եւ դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում»:

Անդրադառնալով անհնազանդության ցույցերին, Փաշինյանը, որն այսօր էլ հայտարարություն է տարածել, ասաց. «Եթե այդ անհնազանդության ցույցերն իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն դրանք պետք է դադարեցվեն եւ այդ հարցերը բարձրացնող քաղաքացիները պետք է աշխատեն կառավարության հետ, որովհետեւ սա իրենց կառավարությունն է: Իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է սաբոտաժ անել ՀՀ քաղաքացիների, ժողովրդի եւ հանրապետության նկատմամբ: Եվ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը որեւէ մեկը թող չփորձի մեկնաբանել որպես թուլության մթնոլորտ, սա շատ վտանգավոր մեկնաբանություն կլինի: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք ապահովել հանրապետության բնականոն կենսագործունեությունը»:

Հարցին՝ եթե ցույցերը շարունակվեն, արդյոք ոստիկանությունը կմիջամտի, Փաշինյանը պատասխանեց՝ «Ես եթեներով չեմ խոսում: Ես կոչ եմ արել, ու ինֆորմացիա ունեմ, որ իմ կոչը ստացել է արձագանք, հետեւաբար եթե-ի մասին խոսելու կարիք չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031