Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը:
Հյուրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում՝ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանելու միության տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերը ներկայացնող 1200 սկաուտ: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին հրավիրել է մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը: Հրավերը սիրով ընդունվել է:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ