Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը հարցին՝ ձեզանից ընդդիմադիր դուրս կգա՞՝ պատասխանեց. «Ես հա էլ ընդդիմադիր եմ եղել, էլի»:
Հարցին՝ ԱԱԾ պետը հայտարարել է, որ բացահայտումներ են անելու, կոնկրետ մարդկանց անուններ է տալու, կարո՞ղ է ձեր անունն էլ լինի՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Եթե արած ըլնեմ, թող իմ անունն էլ տա, ի՞նչ կլինի: Բայց ես պետական պաշտոնի եղե՞լ եմ, որ մի հատ էլ բան գողնամ: Մեզ ո՞վ ա թողել էդ կաստուրկին մոտ էթամ»:
Մեր հարցին՝ բա ո՞վ է մոտ եղել կաթսային՝ Սարոյանը պատասխանեց. «Հեսա կասի, ես ի՞նչ գործ ունեմ, այ երեխեք ջան: Խոստացել ա, որ պիտի ասի, ճի՞շտ ա, թողեք ես էլ լսեմ»:
Հարցին՝ երեկ Միհրան Պողոսյանի օգնականն է ձերբակալվել ցուցարարների նկատմամբ բռնությունների գործով, սպասե՞նք ձեր օգնականների մասով ձերբակալությունների՝ նա ցույց տալով օգնականներին՝ պատասխանեց. «Սրանք մարդ տփո՞ղ են, հազիվ ֆռամ, որ ես չթողեմ իրանց տփեն»:
Սարոյանն այն մարդկանցից էր, որ ասել էր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եթե նա չլինի՝ վտանգներ են մեզ սպասվում: Հիմա անփոխարինելի Սերժ Սարգսյանը փոխարինվել է, ուստի էլի՞ վտանգներ է սպասվում՝ Սարոյանը պատասխանեց, որ հիմա էլ է ասում՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. «Ադրբեջանցիք արդեն մեր բարեկամնե՞րն են, կամ թուրքերը: Կտենանք էլի ինչ կլինի, Աստված չանի»:
Նա ասաց, որ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի տարբերությունն այն է, որ Սարգսյանը մեծ փորձ ունի. «Է թող Նիկոլն էլ ըլնի անփոխարինելի, տենանք կլինի՞: Թող դառնա լավ պետական գործիչ, մենք էլ սաղ ազգով ծափ տանք»:
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանին ազգը չծափահարեց՝ Սարոյանն արձագանքեց. «Էս ազգը ո՞ւմ ա ծափահարել, հլը դարերով արի: Նիկոլին հեսա կտենանք: Մենք ղեկավար չենք սիրում, չե՞ս հասկանում, խի՞ թագավոր չենք ունեցել, որովհետեւ էս ազգը ղեկավար չի սիրում: Հեսա կսկսեն, տենաս Նիկոլին ինչը օրը կգցեն, համբերա, մի քիչ էլ անցավ, հենա, արդեն հընցել եք մեր կողմը, Նիկոլին եք բշտում, ուզում եք վատ բաներ ասեմ Նիկոլին, չեմ ասելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ