Ալեն Սիմոնյանը Փաշինյանի հետ չի քննարկել պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ինչպես կգնահատի Սիմոնյանի այդ քայլը, եւ արդյոք նրանք քննարկել են ու համաձայնեցված է:
Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանն ակնկալում է քաղաքապետ դառնալ, Փաշինյանը պատասխանեց՝ «Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, որը Երեւանի ավագանու անդամ էր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորի մանդատ ստացավ ու նույն օրը դրանից հրաժարվեց:
Հիշեցնենք, նաեւ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ես որեւէ հավակնությունների մասին չեմ կարող ասել: Ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը: Եվ այո, եթե կուսակցությունը որոշի նման պատասխանատվություն ինձ վրա դնել, ես միգուցե համաձայնեմ: Բայց այսօր ես ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում` իմ մասնագիտության, գիտելիքների բերումով, եւ օրենսդիրի աշխատանքն այն է, ինչը ես միշտ սիրել եմ»:
Իսկ այսօր էլ լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ ետ կվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ