«Ասում են՝ մինչեւ չգա թազեն, հինը չի հիշվում, մեր մեծական խոսք կա: Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մի գրամ ցեխ չի կարելի շփեն: Մեր ազգի վատ ինչ ա, որ իրար վրա ցեխ շփեն, մնդռեն: Ես երբեք տենց բան արե՞լ եմ՝ չէ: Տա Աստված, որ ժողովրդի ցանկությունը կատարվի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Նա հայտարարեց. «Լսի, վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում»:
Մեր դիտարկմանը, որ «վլաստը» լրիվ չեք տվել, օրենսդիր մարմնում մեծամասնությունը դուք եք՝ նա պատասխանեց. «Մեր նման խելո՞ք, Նիկոլի…ինչ թուղթ կբերա՝ կնոպկեն սեղմեց, մեր նման խելոք դեպուտա՞տ կա»:
Հարցին՝ իր բերած բոլոր նախագծերին կո՞ղմ եք քվեարկելու՝ Սարոյանը պատասխանեց. «Էսօր ո՞ւմ բերածն էր, հո՞րս: Բա ո՞ւմն էր, տեսանք միաձայն գնա՜ց»:
Ըստ Սարոյանի, կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր տղա է, թասիբով տղա է. «Մի հատ Նիկոլ, տեսանք, սաղին խառնում էր իրար Ազգային ժողովում: Ինչ ժողովրդին պետք է, ինքը սաղիցս լավ գիտի, որովհետեւ միշտ բարձրաձայնել ա էդ մասին: Հիմա ինչ բարձրաձայնել է, ինչի մասին խոսացել ա, թող հետ դնի, նայի, սաղ կա youtube-ի մեջ, ձեր կինոների մեջ կա»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արտահերթ ընտրությունների դեպքում դուք էլի մտադի՞ր եք պատգամավոր դառնալ՝ նա պատասխանեց. «Տո հլը մի հատ թող տենանք վաղը գլուխներս ինչ ա գալիս: Պա՛հ, պապուս աթոռն ա, գրկել եմ, նստել եմ: Կարող ա ավելի լավ ջահել տղա ըլնի, ասեմ՝ արի դու գնա»:
Մենք ճշտեցինք՝ չե՞ք բացառում, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակով այս անգամ առաջադրվեք՝ նա պատասխանեց. «Ի՞նչ գիտես, ի՞նչ ա ըլնելու: Ես պետականամետ մարդ եմ, իմ պետության համար առողջությունս էլ եմ տվել, կյանքս էլ եմ տվել: Ինձ չի հետաքրքրում մյուսը, մյուսը, ինձ հետաքրքրում ա իմ պետությունը, որ հզոր էղնի, էս ժողովուրդը լավ ապրի: Ես, ճիշտ ա, ՀՀԿ ֆրակցիայում եմ եղել, բայց տեսել եք, հենց ժողովրդի դեմ բան են խոսացել, խոսացել եմ, ընձի չի հետաքրքրում՝ կխռովին, չեն խռովի, կնեղանան, կարո՞ղ ա մեկին ատչոտ եմ տվել, բերանս ինչ եկել ա՝ ասել եմ,, տեմ բոլեե հիմա»:
Հարցին՝ ի՞նչն էր մայիսի 1-ին սխալ, որ մայիսի 8-ին ճիշտ էր, մտքափոխվեցիք ու կողմ քվեարկեցիք Փաշինյանի օգտին՝ Սարոյանը պատասխանեց, որ լիքը հարցեր կան, որոնց մասին չի կարող ասել. «Հասկացաք, որ այ մարդ, ժողովրդի պահանջ կա: Ես նոր էի եկել, տեսա, որ ժողովրդի պահանջ կա, եթե ժողովուրդն ուզում ա, մենք էլ պիտի ուզենք, կարո՞ղ ա հակառակ կողմ ըլնենք, խի Նիկոլը մեր հայ տղեն չի՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ