Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը. Թոմաս դե Վաալ

Մայիս 23,2018 16:10

Վերջին մեկ ամսում Հայաստանն արժանացել է միջազգային դրական էմոցիաների ալիքի և բարյացակամության այն բանից հետո, երբ վետերան առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանության եկավ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ գրում է «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը» խորագրով հոդվածում:

«Փաշինյանը, որը 42 տարեկան է, նոր կառավարությունը ձևավորեց իրենից ավելի երիտասարդ անդամներով: Նա նաև խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան և մաքրել օլիգարխների համակարգը: Այն երկիրը, որը շատերը բնութագրում էին որպես մեկուսացված, լճացած, ամբողջությամբ Ռուսաստանից կախված, կոտրում է կարծրատիպերը և այժմ դինամիկ, նույնիսկ ժամանակակից տեսք ունի: Հեղափոխությունը դեռ կիսով չափ է ավարտված, բայց վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստանում լավ նորություններ կան:

Մինչդեռ բոլոր խոստումները և հույսերը կարող են հօդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը մի սխալ անի. խոսքը ղարաբաղյան չլուծված հակամարտության մասին է Ադրբեջանի հետ, որը շարունակվում է 30 տարի: Ձանձրալի բանակցային գործընթացն, անշուշտ, որոշ ցնցումների կարիք ունի, բայց ոչ այդքան շատ»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի առաջին մեկնաբանություններն արցախյան հակամարտության վերաբերյալ, որոնք Վաալի բնորոշմամբ, իսկական ցնցում էին:

Դե Վաալի խոսքով՝ Փաշինյանը ավելի շատ խոսում էր որպես ամբոխի մարդ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է»:

Հոդվածում հիշատակվում է նաև Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջական մասնակցություն ունենա հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը ներքին քաղաքականության մի մասն է: Դե Վաալի խոսքով՝ վտանգն այն է, որ հայ առաջնորդը բացահայտ շեշտում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը և ասում, որ տարածքները չեն վերադարձվելու, այս դեպքում Բաքվի հետ բանակցությունների համար ոչինչ չի մնում, և երկու կողմերը վերադառնում են պատերազմի ճանապարհ: «2016թ. քառօրյա պատերազմը, որը խլել է շուրջ 200 կյանք, մռայլ հիշողություն է առ այն, թե որքան թանկ կարող է նստել դա»,-գրում է նա՝ հիշեցնելով հրադադարի պարբերաբար խախտումների մասին:

Փորձագետը նաև նշում է, որ հեռվից դիտողների համար հակամարտության աշխատունակ խաղաղ համաձայնագրի ուրվագծերը հստակ են: «Երկու հիմնական տարր կա այստեղ. Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի հայերի ինքնակառավարվելու իրավունքը, հայկական կողմը վերադարձնում է Ղարաբաղի շուրջ գտնվող հողերը՝ ունենալով ցամաքային միջանցք Հայաստանի հետ: Դա նաև կօգնի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցին, ինչի պատճառով էլ առաջացավ 1988թ. հակամարտությունը, որը շարունակում է մնալ երկիմաստ, ինչն էլ կողմերին թույլ կտա համաձայնության հասնել այլ հարցերում»,-գրում է նա:

Հոդվածագրի համոզմամբ՝ հակամարտող կողմերը բավարար քայլեր են անում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների աշխատանքն ապահովելու համար, բայց լուրջ աշխատանք չի կատարվում, և իրական առաջընթաց չկա:

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները, ունենալով հանրային լեգիտիմություն, փոխում են իրավիճակը: Թոմաս դե Վաալը ճիշտ է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «հանգստությունը», որն ունակ է ռազմաշունչ հռետորաբանության, բայց մինչև հիմա իրեն հանդարտ է պահում: «Բայց որքա՞ն կտևի Ադրբեջանի նախագահի լռությունը»,-հարցադրում է անում փորձագետը՝ հավելելով, որ Փաշինյանը և նրա գործընկերները նախընտրական գործընթացների ֆոնին չեն ցանկանա հաշտվողական տոնով հանդես գալ՝ վախենալով, որ հարցականի տակ կդրվի իրենց հայրենասիրությունը:

«Շատ ամիսներ կանցնեն, մինչև նոր, համախմբված քաղաքականությունը կստեղծվի հակամարտության վերաբերյալ Հայաստանում, – գրում է նա՝ նշելով, որ եթե գործընթացը հաղթահարվի կարճ ժամկետներում, դրական սցենարներ կան:

Թոմաս դե Վաալի կարծիքով՝ նոր մտածելակերպ է անհրաժեշտ, որն էլ կարող է տրամադրել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջատար բանակցող էր, և ունակ է «նոր շունչ հաղորդել» գործընթացին՝ ավելի ակտիվ դեր խաղալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցողներին աջակցելու համար:

«Եթե քաղաքական հաշվարկները մի կողմ թողնվեն, բանավեճերն այն մասին, թե Ղարաբաղի հայերը ինչպես պետք է մասնակցեն քննարկումներին, ևս համարժեք է: Վերջ ի վերջո նրանց հայրենիքն է վեճի առարկա…

«Մահացող խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, բայց Հայաստանի նոր առաջնորդները պետք է զգուշավորություն ցուցաբերեն իրենց լեգիտիմությունն օգտագործելու հարցում, որը ստացել են փողոցից: Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Դա ձախողումը միայն մեկ ճանապարհ կմատնանշի՝ նոր հակամարտության»,-եզրափակում է Թոմաս դե Վաալը:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031