Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի համայնքապետարանը դատի է տվել

Մայիս 23,2018 16:05

Նոյեմբերյանի համայնքապետարանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի եւ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ոսկեվան գյուղում գրանցված «Սլովակիա» ՍՊԸ-ի: Այդ հայցով 3-րդ անձ ներգրավված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի սպասարկման գրասենյակը:

Նոյեմբերյանի համայնքապետարանի հայցը վերաբերում է գործարքն անվավեր ճանաչելուն եւ անվավերության հետեւանքների կիրառման պահանջին: Համայնքապետարանի պահանջով, որպես հայցի ապահովման միջոց, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանի որոշմամբ արգելանք է դրվել «Սլովակիա» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:

Սույն դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում ընթանում է մայիսի 3-ից:

2014թ. հոկտեմբերի 2-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը որպես նվիրատվություն տրվել է «Սլովակիա» ՍՊԸ-ին, որպեսզի տարածքը նորոգվի, այնտեղ գարեջրի, հոնի, օղու գործարան գործարկվի: Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, որը Սլովակիայից էր նախատեսված:

«Սլովակիա» ՍՊԸ տնօրեն, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերյոժա Բարսեղյանը ծագումով Ոսկեվանից է: Նրա վկայությամբ՝ Ոսկեվանում շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար, սակայն գործարան չգործարկվեց: Նա ասաց, որ ադրբեջանական գնդակոծությունից այդ շենքը վնասներ կրեց, որի համար իրենք պետբյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել:

2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստի հարցերից մեկը վերաբերում էր Ոսկեվան համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն: Ս. Բարսեղյանն ավագանուն առաջարկեց ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին մերժեց:

Նոյեմբերյանի ավագանու անդամները քվեարկությամբ որոշեցին «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց, դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը:

Ավագանու այդ նիստում վեճ եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Սերյոժա Բարսեղյանի միջեւ: Վերջինս կարի սարքավորումներ է ներկրել Ոսկեվան եւ ցանկանում է գարեջրի գործարանի փոխարեն կարի արտադրամաս գործարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031