«Երիտասարդ լինելն ամենամեծ առավելություն է: Միգուցե ամենաերիտասարդ նախարարը լինելու է բոլոր ժամանակների կառավարությունների ամենալավ նախարարը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`հորդորելով չպիտակավորել երիտասարդ կառավարությանը եւ հնարավորություն տալ նրանց աշխատելու:
Խոսելով ԲՀԿ-ական նախարարների մասին, ասաց`նրանք պրոֆեսիոնալներ են, պարկեշտ եւ իրենց ոլորտներին միանշանակ օգուտ են բերելու:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ արտահերթ ընտրություններից առաջ մարզպետները պետք է փոխվեն, քանզի, ինչպես իրավական համակարգն, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները տարիներ շարունակ աշխատել են`«կախված սուպեր-հեռախոսից»:
Ըստ նրա, այդ մարդկանցից շատերը հայտնվել են անհարմար իրավիճակում եւ ունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել: «Այդ մարդկանցից շատերի մեջ սպանել են ազատ մտածելու ունակությունը: Դա լուրջ խնդիր է: Մարզպետները կախված են եղել նախագահականի «կրյուչոկից» 20 եւ ավել տարի շարունակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքը դժվարանում է հավատալ, որ նրանք ունակ են վերափոխման: Ուստի, կարծում է. «Ընտրություններից առաջ բոլորը պետք է փոխվեն»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ