Այսօր Հայկական Առաջին ալիքի մարզական հաղորդումների ղեկավար Կարեն Գիլոյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ ՎՏԲ Արմենիա բանկի գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը լրատվամիջոցների հետ հանդիպմանը խոսեցին մայիսի 26-ին Երեւանում մեկնարկող ժուռնալիստների ֆուտբոլի միջազգային 2-րդ մրցաշարի մասին, որը նվիրված է լինելու Երեւանի 2800-ամյակին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Կարեն Գիլոյանն ասաց, որ հետխորհրդային տարածքում լրագրողների միջազգային մրցաշարեր կազմակերպելու փորձեր եղել են, սակայն Հայաստանը, թերեւս, երկրորդ երկիրն է, որին հաջողվում է դա ավանդական դարձնել: «Անցած տարի շատ լարված մրցակցություն էր: Ամենակարեւորն այն է, որ յոթ երկրների հարյուրից ավելի մեր լրագրող գործընկերները վերադառնալով իրենց երկրներ՝ գրեցին Հայաստանի, հայկական հյուրընկալության, գեղեցիկ երկրի, լավ մարդկանց ու լավ կազմակերպված մրցաշարի մասին: Հիմա էլ պատրաստ ենք ու ամեն բան լավ է ընթանում», – ասաց Երեւանի լրագրողական թիմի մարզիչ Կարեն Գիլոյանը:
Նա տեղեկացրեց, որ մրցաշարը սիրողական է, պայքարը տեւելու է մեկ օր: Թիմերը մրցելու են շրջանաձեւ մրցակարգով եւ նույն օրը հայտնի են դառնալու հաղթողն ու մրցանակակիրները: Նրա խոսքով, իրադարձությունները միայն մեկ օրով չեն սահմանափակվելու: Բոլոր հյուրերի համար կկազմակերպվի հագեցած ծրագիր. թիմերը կայցելեն Երեւանի տեսարժան վայրեր, մրցման հաջորդ օրը կմեկնեն Սեւանա լիճ, կլինեն հյուրասիրություններ:
Երեւանյան թիմի ավագ Դավիթ Ալավերդյանը հավելեց. «Սա միայն մարզական միջոցառում չէ: Մենք նաեւ Հայաստանի զբոսաշրջային միջազգային գրավչությունը բարձրացնելու նպատակ ենք հետապնդում: Եվ ուրախ եմ, որ կարողանում ենք բավականին համեստ բյուջեով Հայաստան բերել տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներ: Նախորդ անգամ հայաստանյան մրցաշարից մեր գործընկերների ստացած հիացական հրապարակումները (նաեւ սոցցանցերում) անկասկած նպաստում են Հայաստանի մասին դրական էմոցիաներով պատկերացումների աճին: Մենք մրցաշարի անցկացման ժամկետներն ընտրել ենք այն հաշվարկով, որպեսզի այն համընկնի Երեւանի 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների օրերին եւ որպեսզի մեր հյուրերը նաեւ դրանց ականատեսը լինեն: Բայց այս հաջողությունները չէին լինի առանց մեր աջակիցների, որոնք օգնում են մեզ»:
Մրցաշարի գլխավոր հովանավոր ՎՏԲ Արմենիա բանկի գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը նշեց. «Բազմաթիվ ԶԼՄ-ներ մեր բանկի գործընկեր են, եւ մեզ համար մեծ պատիվ եւ հաճույք է այս միջոցառման գործընկեր լինելը: Մենք նույնպես սիրում ենք սպորտը, կազմակերպում ենք ներբանկային սպարտակիադաներ, մասնակցում բանկերի միջեւ կազմակերպվող մրցումների: Այնպես որ, մենք կիսում ենք կայանալիք միջոցառման այս ընդհանուր մարզական տրամադրությունը: Հենց այդ պատճառով հաճույքով դարձանք մրցաշարի գործընկեր»:
Կարեն Գիլոյանը տեղեկացրեց նաեւ, որ մրցաշարին մասնակցելու են յոթ երկրների (Հայաստան՝ 2 թիմ, Երեւանից եւ Գյումրիից, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Լիտվա) ութ թիմեր, որոնք համալրված են միայն լրատվամիջոցների աշխատակիցներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ