Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը պետք է 3-4 օր ժամանակ տա կապիտալը երկրից հանած օլիգարխներին՝ ասեն, թե փողերը որ երկրներ են հանել»

Մայիս 23,2018 15:30

Մոսկվայի էկոնոմիկայի, մենեջմենտի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը եկել է Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանին աջակցելու: Նա կառավարությանն արդեն ներկայացրել է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկություններ: Այսօր ռուսաստանաբնակ պրոֆեսորը «Նոյյան տապան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ նախ՝ Սահմանադրությունում պետք է փոփոխություններ լինեն եւ այն հարյուրավոր ձեռնարկությունները, որոնք դեռեւս ինչ-ինչ պատճառներով չեն սեփականաշնորհվել, հանձնեն նոր ներդրողներին՝ առաջնահերթ խնդիր դնելով, որ կապիտալն ուղղեն ցանկացած ուղղությամբ բիզնեսը զարգացնելուն եւ շուկայական ազատություն տան:

Շուկայական տնտեսության անցնելու Հայաստանի 25 տարիների պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանն ընդհանրապես ռազմավարական որեւէ ծրագիր չունի, չունի նաեւ ռազմավարական դոկտրինա. «Այսօր պահն է եկել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից մտցվի պետական կառավարման կարգավորիչ դերի նշանակությունը: Պետությունը ոչ թե դառնում է սոսկ գործիք, այլ դառնում է կարգավորիչ»:

Aravot.am-ի հարցին, թե ոլորտի մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են Հայաստանից միլիարդավոր դոլարների կապիտալի արտահոսքի մասին, արդյոք արտահոսքը չի՞ շարունակվի, հաշվի առնելով, որ մի շարք բիզնեսներ՝ մասնավորապես ռուսական կապիտալով, գործել են նախկին իշխանությունների հովանավորության ներքո, ունեցել են «արտոնություններ», մենաշնորհներ ու գերշահույթներ, պարոն Միքայելյանը պատասխանեց. «Կապիտալը միայն շահ է փնտրում: Երբ Երեւան քաղաքում պտտվում ես, ամբողջը գրաված է «Տաշիր», դրանք կամ ռեստորաններ են, կամ սրճարաններ են, կամ պիցցերիաներ են: Դա նշանակում է, որ այդ մարդիկ ուզում են այստեղից կապիտալը վերցնեն: Թող գործարան հիմնեն: Կամ՝ առեւտրային բանկերը, աշխարհի ոչ մի երկրում բանկերի այդպիսի աճ չկա: Իսկ ինչպես են շատացել, գյուղացիների 70 տոկոսը վարկերի ծանրության տակ են դրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է մեր երկրից արտահոսած կապիտալի վերադարձին, Արտաշես Միքայելյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքի բոլոր օլիգարխներին, որոնք աշխատել են Հայաստանում, սակայն իրենց ձեռք բերած շահույթները ուղղվել են արտասահմանյան բանկեր, եւ 3-4 օր ժամանակ տա, որ տեղեկանք բերեն, թե որ երկրում են կապիտալը ներդրել, հակառակ դեպքում հետախուզական ծառայությունների միջոցով պետք է այդ հարցերը լուծել եւ այն վերադարձնել:

Պրոֆեսորի խոսքով, Հայաստանի տնտեսությանը մեծ վնասներ է հասցրել նաեւ տարիներ ի վեր գոյություն ունեցող մենաշնորհային տնտեսությունը. «Եթե բոլոր երկրներում պետությունը ղեկավարում է տնտեսությունը, ասում են՝ Հայաստանի կառավարությունը դարձել էր մոնոպոլիստների գործակալը»:

Ըստ տնտեսագետի, որպեսզի սփյուռքի ներդրումները հոսեն Հայաստան, պետք է այստեղ լինի Սփյուռքի հարցերով զբաղվող ներկայացուցչություն. «Հայաստանում ասում են՝ փողը բեր, մնացածի հետ դու գործ չունես: Սփյուռքը մինչեւ կառավարության մեջ, օրենսդրական դաշտում, դատական համակարգում ներկայացուցիչներ չունենա, նրանք չեն կարող հետեւել իրենց կապիտալի ճակատագրին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031