Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը «Տեսակետ» մամուլի ակումբում մայիսի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց, որ ազգային արխիվում են գտնվում ցեղասպանության լուսանկարիչ Արմին Վեգների լուսանկարների բնօրինակները, որը տրամադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այդպիսի բան չէի կարող պատկերացնել, սա բացառիկ երեւույթ է: Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ…Դրանք ապակու վրա արված սեւ ու սպիտակ նեգատիվներ են, առաջ նեգատիվները պատրաստում էին ապակու վրա, քանի որ ժապավեն չկար»,-ասաց պարոն Վիրաբյանը:
Նա խոսեց Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, արխիվի ձեռքբերումների թեմայով, ներկայացրեց տպագրված գրքերը եւ թեմատիկ ցուցահանդեսները:
Պարոն Վիրաբյանը նշեց, որ Սարդարապատի հերոսամարտի մասին փաստաթղթեր համարյա չեն պահպանվել, եղածները հուշեր են. «Դրանք հիմնականում պատերազմի մասնակիցների հուշեր են եւ բացառիկ քարտեզներ, որոնք ժամանակին գծել է Հակոբ Կոջոյանը: Նա գծել է 3 քարտեզ, երկուսն այս պահին առկա են, մեկի ճակատագրից գաղափար չունենք:
Ապարանի ճակատամարտի մասին եւս փաստաթղթեր չկան, դարձյալ միայն մասնակիցների հուշեր են, իսկ Ղարաքիլիսայի մասին փաստաթղթեր կան, որովհետեւ հայկական բանակն այնտեղ 4-օրյա համառ դիմադրությունից հետո նահանջեց, ի տարբերություն Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի, որտեղ հարձակվեց: Այստեղ ընդհակառակը, հայկական բանակն անկանոն նահանջեց, զոհեր եղան: Հետագայում փորձել են հասկանալ պատճառը… Ինչպես արդեն նշեցի, ամենաբացառիկը Կոջոյանի քարտեզն է, որ հավանաբար գծվել է 18 կամ 19 թվականին, մասնակիցների անմիջական տպավորության տակ, ընդ որում՚ քարտեզը գծելիս օգտագործվել են գունավոր տուշեր»:
Մանրամասները` տեսանյութում:
Նա խոսեց նաեւ հոկտեմբեր ամսին հրատարակվելիք մեկ այլ գրքի մասին, որտեղ ռուսական արխիվներից են նյութեր օգտագործվել եւ դրանք հրապարակվելու են առաջին անգամ: Ասաց, որ շնորհանդեսը նախ Մոսկվայում կկայանա, ապա Երեւանում:
Ամատունի Վիրաբյանը հավելեց, որ մայիսի 30-ին է հռչակվել անկախությունը, հետո է որոշվել մայիսի 28-ը նշել որպես Անկախության օր: Ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ Հովհաննես Քաջազնունու` տիկնոջը գրած նամակին, տիրող ծանր վիճակին, Պառլամենտում ունեցած ելույթին:
«Ամենաաղքատիկը մեր ռազմական նախարարության փաստաթղթերն են, որոնք ոչ ամբողջական են պահվել: Խոսքը վերաբերվում է 18 -20 թթ-ին: Կարելի է ասել, որ մեր ռազմական նախարարության փաստաթղթերը 10 տոկոսով են պահպանվել: Ինչ վերաբերում է Առաջին Հանրապետության անկման վերաբերյալ ռուսական, թուրքական գործոններին, մեզ մոտ եղած փաստաթղթերը բավական են պատմաբաններին` հիմնավոր պատկերացում կազմելու համար…Ցավոք, մենք Կարսի անկման համար ասես մեղավոր համարում ենք, բացի մեզանից: Մինչդեռ մենք էլ ենք մեղավոր, Սարդարապատի նման այնտեղ չենք կռվել…Ռազմաճակատի ղեկավարությունը Դանիել Բեկ-Փիրումյանի ղեկավարությամբ գերի է ընկել, չի դիմադրել»,-ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Մանրամասները`տեսանյութում:
Արխիվի տնօրենը դժվարացավ պատասխանել, թե ինչպես են ոչնչացվել կամ անհետացել ռազմական նախարարության փաստաթղթերը. «Փորձել եմ դրանք գտնել, բայց չկան ոչ ՀՅԴ Բոստոնի արխիվում, ոչ էլ նույնիսկ Ռուսաստանում, իսկ օրինակ` Խորհրդային Հայաստանի ռազմական Ժողկոմատի ( ժողկոմ են եղել Մյասնիկյանն ու Գայը) փաստաթղթերը կան Մոսկվայում»:
Մանրամասները`տեսանյութում:
Ամատունի Վիրաբյանը նաեւ նշեց, որ Բաթումի, Կարսի եւ այլ պայմանագրերի պատճենները Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են, իսկ բնագրերը Մոսկվայում են. «25 թ, երբ Հայաստանը դադարել է միջազգային իրավունքի սուբյեկտ լինել, դրանք տարվել են Մոսկվա, որովհետեւ արտաքին քաղաքականությունը Խորհրդային միության իրավասությունն էր, իսկ Խորհրդային Հայաստանը արտաքին քաղաքականություն չուներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ