Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«GDPR-ը հասկանալու համար մարդիկ առաջին հերթին պիտի հասկանան, որ ծիծիկներով նկարի վրա քլիք չպետք է անել». Ռուբեն Մուրադյան

Մայիս 23,2018 15:00

«Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում» հայեցակարգն ավելի համապարփակ փաստաթուղթ է, որnվ ավելի լավ պայմաններ են ստեղծվում անձնական տվյալների պաշտպանության համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը:

Տեղեկացնենք՝ մայիսի 25-ից ՀՀ-ում ուժի մեջ կմտնի և կգործարկվի «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում» հայեցակարգը: Այն ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում: Ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի 2018թ.-ի մայիսի 25-ին:

Փորձագետների համոզմամբ՝ այս փաստաթուղթը համարվում է վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը տվյալների պաշտպանության կարգավորման մեջ: Գևորգ Հայրապետյանը պարզաբանեց՝ փաստաթուղթն ունի մի քանի առանձնահատկություններ. «Օրինակ՝ ամրագրել է մոռացված լինելու իրավունքը, սահմանում է ավելի լավ պայմաններ համաձայնություններ ստանալու վերաբերյալ: Օրինակ՝ երեխաների անձնական տվյալների մշակման համար համաձայնություն ստանալու ոլորտում մի փոքր ավելի զարգացում կա»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մտահոգություն հայտնեց՝ ո′չ պետական, ո′չ մասնավոր սեկտորը բացարձակ տեղյակ չէ նոր մարտահրավերներին, կարգավորումներին և ռիսկերին. «Այս կարգավորումները վերաբերում են ցանկացած կազմակերպության, որը գործ ունի ԵՄ քաղաքացիների անձնական տվյալների մշակման հետ: Անձնական տվյալ կարող է լինել անձի օրինակ՝ մեյլի հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարը, ցանկացած տվյալ, որը կարող է ուղղակիորեն և անուղղակիորեն նույնականացնել անձին: Հնարավոր խախտումները կարող է լինել այն, որ կազմակերպությունները զանգվածաբար հաղորդագրություն են ուղարկում ՀՀ բնակիչներին առանց ունենալու այդ անձնավորության համաձայնությունը: Օրինակ՝ կարող են խնդիրներ ունենալ, երբ օրինական պահանջ լինի, որ տրամադրվի դեղատանը կամ սուպերմարկետում ԵՄ-ի կամ ՀՀ քաղաքացու տեսագրությունը: Եթե հանկարծ օրենքով սահմանված կարգով, ժամկետներում նրան չտրամադրվի անվճար տեսագրությունը՝ ապահովելով, որ այնտեղ երրորդ անձինք չլինեն, այդ կազմակերպությունն արդեն ընկնում է ռիսկի գոտի»:

Foodle ընկերության տեխնիկական տնօրեն Ռուբեն Մուրադյանը պարզաբանեց՝ GDPR-ը խաղի կանոններ է սահմանում բոլորի համար: Սակայն նա կասկածում է, որ ՀՀ-ում այդ ամենը տեղի կունենա, քանի որ մարդիկ անգամ չեն սովորել աղբամաններից օգտվել, իսկ մենք խոսում ենք ավելի լուրջ թեմաներից: Նա հարց բարձրացրեց՝ ինչքա՞ն պիտի իրազեկենք: Շուշան Դոյդոյանն առաջարկեց՝ կիրազեկենք ու կպատժենք:

Դառնալով GDPR-ին՝ Ռուբեն Մուրադյանն ասաց. «GDPR-ը վերջին կես տարվա յուղոտ գլխացավանքն է: GDPR-ը հասկանալու համար մարդիկ առաջին հերթին պիտի հասկանան, որ ծիծիկներով նկարի վրա քլիք չպետք է անել: Դա մի քանի շերտ գիտելիք է, որը մենք չունենք: Ինչքան էլ մենք իրենց չտեղեկացնենք, գրենք, իրազեկենք, միևնույն է, նստում, քլիք են անում: Ահավոր թերահավատ եմ, որ ցանկացած իրազեկում կաշխատի, կընկալվի ու կկիրառվի: Հայաստանում այս խնդիրները սպառում չունեն և մոտակա մի տաս-տասնհինգ տարին չեն էլ ունենա»:

Ռուբեն Մուրադյանը հարցրեց, երբ գրանցվում եք ֆեյսբուքում, պայմաններին ծանոթանո՞ւմ եք: Նա համոզմունք հայտնեց, որ մեծամասնությունը չի կարդում ու չի հասկանում, թե ֆեյսբուքը, Գուգլը ինչ են հաղորդում իրենց մասին:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ հասկանալի է, որ հասարակ ֆեյսբուքյան օգտատերի հետ GDPR-ն առանձնապես կապ չի ունենալու. «Այս ամենի շուրջ այնքան մեծ աղմուկ կա աշխարհում, այնքան ֆինանսներ են պտտվում այս ամենի շուրջ, որ սենց թե նենց GDPR-ը առնվազն բովանդակային ազդեցություն է ունենալու անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Առաջին անգամ պատժիչ օրենք է կիրառվում, որը ազդում է ամբողջ աշխարհի վրա: Նախադեպ է, որ համացանցի արտասահմանային իրողությունը նաև մտնում է իրավական դաշտ, և կարևոր է հասկանալ, թե ոնց է Եվրոպան կիրառելու պատժելու, տուգանելու մեխանիզմը: Օրինակ՝ հյուրանոցները, որոնք իրենց գործունեությունը ծավալում են այնպես, որ փաստացի ԵՄ քաղաքացիներն իրենց թիրախներից մեկն են, կարող են ընկնել GDPR-ի տակ: Ապահովագրական ընկերությունները ևս կարող են սրա տակ ընկնել»:

Այն թերահավատությանը, թե այս ամենն ո՞ւմ է պետք, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը այդ աստիճան կրթված չէ, տիկին Դոյդոյանն արձագանքեց. «Ամեն օր գնում ենք աշխատանքի, որտեղ անվտանգության նպատակով տեսանկարահանում է արվում: Ես որպես մարդ՝ պիտի իմանամ, որ անընդհատ տեսանկարահանման տակ եմ և որ նպատակի փոփոխություն չի լինի առանց իմ համաձայնության: Եթե գործատուն նկարում է ինձ բացառապես անվտանգության նպատակով, չի կարող հաջորդ օրը, կամ աշխատավարձի օրը կանչել, ասել՝ ես արձանագրել եմ, որ դու ուշ ես եկել աշխատանքի: Երբ ինձ նման պահանջ ներկայացնի, կասեմ խախտում եք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը»:

Ռուբեն Մուրադյանը նշեց՝ ո՞նց կարող են մարդիկ պատժվելով հասկանալ, երբ տարրական գիտելիքներ չունեն. «Ո՞վ կարող է պատժել, երբ մարդն ինքն իրեն է պատժում, երբ մեկի պլաստիկ քարտը, անձնագիրը կամ վարորդական վկայականն են գտնում ու չհասկանալով՝ նկարում, տեղադրում են համացանցում՝ փոխանակ ոստիկանություն տալու: Մտածում են՝ մլիցուց հեռու, գլխացավանք է: Իրական խնդիրը սա է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031