«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ավելի քան 5 էջանոց նամակ է գրել, որտեղ բացատրված է, թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին՝ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում։
Բնապահպաններն այսօր նախագահի նստավայրի առջեւ «Ոտքդ հեռու Ամուլսարից», «Հայաստանն առանց հանքի» եւ այլ կարգախոսներով բողոքի ցույց են անցկացրել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ցուցարարներին, վերցրել նամակն ու ասել, որ անպայման կուսումնասիրի ու կպատասխանի։
Հարց է հնչել, թե Ամուլսարի հետ կապված մտահոգությունները մեծ են, որովհետև Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության հետ:
«Թող ձեզնից որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, եւ ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»,- ասել է ՀՀ նախագահը:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ցույցն ավարտվել է պարով, որին միացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:
Լուսանկարները՝ Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից