Շիրակի համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ այդ ԲՈՒՀ-ը Հայաստանում առաջինն էր, ուր հասավ հեղափոխության հոսանքը. ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրեցին հանրապետական և կոռումպացված լինելու մեջ, միտինգներ կազմակերպեցին, գոռացին՝ ՀՀԿ հեռացիր: Դե, Մինասյանն էլ հեռացավ:
Սահակ Մինասյանին մեղադրում են համալսարանի բյուջեի փոշիացման եւ սխալ վարչարարության մեջ: Ի՞նչ է եղել իրականում, ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ աստիճանի ազդեցություն է թողել այս վրա: Պարզից էլ պարզ է, որ այս պարագայում պետք է անդրադառնալ միայն փաստերին:
Շիրակի Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավահաջորդն է: 1990-ական թթ, որոշ ընդմիջումով, մանկավարժական ինստիտուտը ղեկավարել է Վարդեւան Գրիգորյանը, որն այժմ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է:
Ըստ ձեռքիս հայտնված փաստաթղթի՝ 2011թ շուրջ 3800 ուսանողի պարագայում պլանավորվել է մոտ 400 մլն վարձավճար հավաքագրել երբ հաշվարկային ցուցանիշը, ըստ վճարովի համակարգի ուսանողների թվի եւ վարձավճարի չափի կազմում էր 620 մլն (հաշվարկի մեջ կան մոտավորություններ): Այսինքն, պակաս է պլանավորվել շուրջ 200 մլն: Այդպես կարող է լինել եթե հաշվի առնենք հետևյալ հանգամանքները՝
1.Վարձավճարները ընդունվել են կանխիկ, առանց բանկային փոխանցումների,
2.Հարյուրավոր ուսանողներ չեն ունեցել բուհի հետ պայմանագրեր:
Հաջորդ իսկ տարի ուսանողների քանակը նվազել է շուրջ 500-ով, սակայն նախորդ տարվա 420 միլիոնի փոխարեն պլանավորվել է հավաքագրել 505 միլիոն, այն դեպքում երբ վարձավճարի չափը չի փոխվել: Նույն փաստաթղթից երեւում է, որ չգիտես ինչո՞ւ եւ ինչպես, հավաքագրվել է 633 մլն, ինչն առնվազն տարօրինակ է: 2013թ. պլանավորվել է 620 մլն, (ուսանողների թիվը համարյա չի փոխվել, իսկ վարձավճարն ավելացել է 20%-ով) հավաքագրվել է 610 մլն, երբ, ըստ փաստաթղթի, հաշվարկային ցուցանիշը, ուսանողների թվից ելնելով, 800 միլիոնից ավելի է: Այս թվերը, ոչ միայն տարօրինակ են այլեւ ռիսկային:
Ինչո՞ւ է այս ամենի մասին հենց այսօր խոսվում: Բանն այն է, որ հայերիս մեջ բարոյականության նորմերն ավելի առաջնային են, քան հարցի իրավական կողմը: 2016-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր է դառնում Սահակ Մինասյանը, որն, ըստ շրջանառվող տեղեկությունների, իր նշանակման օրը, հայտնաբերում է մոտ 800 միլիոնի պակասորդը և աչք է փակում դրա վրա, ասելով` սկսում ենք նոր էջից: Իսկ երբ 2018-ին այդ 800 միլիոնի անհետանալու միակ մեղավորը ցույց է անում և գոռում` «Սահակ, հեռացիր» կամ «ՀՀԿՙ հեռացիր», ապա Սահակ Մինասյանին ոչինչ չի մնում, քան բարձրաձայնել իր սխալի մասին և ի հայտ բերել փաստաթղթերը (ենթադրաբար, փաստաթուղթը ի հայտ է եկել Սահակ Մինասյանի ձեռքով):
Սակայն խնդիրը միայն Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանով եւ Սահակ Մինասյանով չի սահմանափակվում: 2013թ.-ից սկսած վարձավճարների և աշխատավարձի համամասնությունները սկսել են փոխվել: Միգուցե զուգադիպություն է, սակայն փաստ, որ 2011թ. վերջին ամիսներից ԲՈՒՀ-ի հաշվապահական գործընթացներին սկսեց մասնակցել արդեն ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, որը ՇՊՀ-ի լաբորանտից կարգվեց պրոռեկտոր, այնուհետեւ դե ֆակտո ղեկավարեց ԲՈՒՀ-ը: Հենց այդ ժամանակահատվածից, ուսումնական հաստատության դասաժամերը դարձան 70 րոպե (80-ի փոխարեն): Մոտավոր հաշվարկով, ուսանողական ամբողջ ուսումնառության կտրվածքով, յուրաքանչյուր ուսանողի համար շուրջ վեց ամսով պակասեց ուսումնառության պրոցեսը: Բացի այդ, հենց այդ ժամանակահատվածում ՇՊՀ-ում սկսվեց կադրային ջարդ, ուսումնական ծրագրերի վերիվայրումներ /ուսանողների թիվը պակասում է, օրինակ, 500-ով կամ 1000-ով, իսկ փոխարենը դասաժամերը ավելանում են 20000-ով կամ 30000-ով/, դադարեցվեցին դասախոսների ընտրությունները, բոլորն աշխատեցին 1 տարվա պայմանագրերով՝ այդ թվում նաեւ վարչական աշխատողները: Իսկ ամենազավեշտալին այն է, որ այս ամենից հետո հենց Անահիտ Ֆարմանյանն է իր ընտանիքի անդամների հետ գոռում Սահակ Մինասյանի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ. ՀՀԿՙ հեռացիր: Սա արդեն սյուռեալիզմ է… (տես տեսանյութը):
Եվ վերջում, մեկ փաստ էլ բարոյական հարթությունից: Շրջանառվող պատմությունն այսպիսին է. Շիրակի պետական համալսարանում կան մագիստրատուրայի անվճար տեղեր: Ուսանողներից մեկը, հավակնելով այդ տեղին ցանկանում է մասնակցել մրցույթին: Ուսանողից մրցույթին մասնակցելու վերաբերյալ դիմումը չեն վերցնում եւ համոզում, որպեսզի նա տեղը զիջի մի երիտասարդի, որը բանակ զորակոչվելու խնդիր ունի, իսկ, որպես փոխհատուցում, երիտասարդի ծնողները կվճարեն այդ ուսանողի մագիստրատուրայի ուսման վարձը: Մի խոսքով, երիտասարդն ընդունվեց, բանակ չգնաց, իսկ աղջկա վարձն այդպես էլ չվճարեցին, նա էլ նամակներ էր գրում արդեն նախկին ռեկտոր Մինասյանին /նամակը տես ստորև/: Իսկ համոզողը Անահիտ Ֆարմանյանն է:
Այս ողջ պատմության մեջ չկա շահող կողմ: Իսկ տուժողը միանշանակ Հայաստանն է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ