ՀՀԿ-ի օրակարգում Տարոն Մարգարյանի հրաժարականի հարց չկա: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անձնական կարծիքն էլ այն է, որ ՏԻՄ մարմինների օրենքով սահմանված իրավունքները պետք է պահպանվեն: «Ինձ համար առնվազն անակնկալ էր, երբ վարչապետ Փաշինյանը Բաղրամյան 26-ից ասում է, որ ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է կամ օրենսդիրի, կամ ՏԻՄ-ի աշխատանքներին: Ինչքան իրավունք չունի դատական համակարգին միջամտելու, այնքան էլ իրավունք չունի ՏԻՄ-երին միջամտելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե Տարոն Մարգարյանին հորդորի`նա հրաժարական կտա:
Դիտարկմանը`վարչապետն ասել է, որ Տարոն Մարգարյանն անօրինական է ընտրվել, Էդուարդ Շարմազանովը հորդորեց փաստեր ներկայացնել, այլապես ինքն էլ շատերի մասին շատ բան կարող է ասել:
Հարցին`Տարոն Մարգարյանն արե՞լ է այնպիսի չարաշահումներ, որոնցով կարող են քրեական գործեր հարուցվել, ինչն էլ նրա պաշտոնանկության հիմք կարող է դառնալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց` Տարոն Մարգարյանը բավական հաջող քաղաքապետ է. «Ես որեւէ բան չեմ կարող բացառել կամ չբացառել: Ես չեմ այն պաշտոնյան, ով պետք է խոսի քրեական գործերից»:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի`մանդատից հրաժարվելու դիմումին եւ այսօր`նրա քվեարկությանը մասնակցելու փաստին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա ԱԺ կանոնակարգի խախտում չէ. «Դեռ յոթ օր Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով պատգամավոր մենք ունենք»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ