«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ինքնուրույն է որոշել`պատգամավորի մանդատը վայր դնել: Հիշեցնենք, մանդատը նա վերցրել էր ընդամենը երկու օր առաջ, իսկ երեկ հայտարարեց, որ դիմում է ներկայացրել`մանդատը վայր դնելու մասին: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքն իր քայլի մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց այն «չի քննարկվել»:
«Երեկվա իմ հայտարարությունը ենթադրում է, որ ես պայքարելու եմ, որպեսզի Երեւանը չաղավաղվի եւ չշարունակվի այն քաղաքականությունը, որ տեղի է ունեցել մինչ օրս: Այս օրերին, այս քաղաքական իրավիճակում ես ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»,- իր երեկվա քայլն այսօր այսպես հիմնավորեց Ալեն Սիմոնյանը`հայտարարելով, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած գործընթացների: Եթե հնարավոր լինի հասնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը կմտածի Երեւանի քաղաքապետ լինելու մասին: Նա այդպես էլ մանրամասներ չներկայացրեց`թե ի՞նչ անօրինական գործողություններ է իրականացրել եւ իրականացնում Տարոն Մարգարյանը, որոնք սպառնում են Երեւանին: Նաեւ չասաց`դրանց հիմքում կոռուպցիոն դրսեւորումներ կա՞ն:
Ալեն Սիմոնյանն ասում է`հանուն Երեւանի է հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց չի բացառում, որ յոթ օր հետո ետ վերցնի մանդատից հրաժարվելու դիմումը: Մեր դիտարկմանը`ի՞նչ պետք է փոխվի յոթ օր հետո, Տարոն Մարգարյանը ա՞յլ աշխատաոճ պետք է որդեգրի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ