Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում

Մայիս 23,2018 13:23

Մայիսի 22-ին Էստոնիայում՝ Տարտուի համալսարանի թանգարանում, տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը Էստոնիայի Հայկական Ազգային Միության և Տարտու քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Տարտուի համալսարանի ղեկավարությունը:

Բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց պատմաբան Ռուբեն Գալիչյանի կազմած Հայաստանի քարտեզների հավաքածուն՝ սկսած մ․թ․ա․ 6-րդ դարից մինչ 20-րդ դարը։ Դեսպանը նշեց, որ միջին դարերում շատ հաճախ երկրի անունները համապատասխանեցվում էին ժողովուրդների բնակության վայրերին և հավելեց, որ չնայած Հայաստանը 1375-1918թթ․՝ շուրջ 650 տարի, անկախ պետականություն չի ունեցել, այնուամենայնիվ համաշխարհային քարտեզագրությունը շարունակաբար հայկական բարձրավանդակի տարածքն անվանել է «Հայաստան»։ Այս մոտեցումը աստիճանաբար փոխվեց միայն Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հայ ժողովուրդը դադարեց գոյություն ունենալ իր պատմական հայրենիքի մեծ մասում: Եզրափակելով իր խոսքը, Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ներկայացված 50 քարտեզները ըստ էության ցույց են տալիս հայ ժողովրդի պատմության կարևորագույն հանգրվանները և լավագույն միջոց են օտար լսարաններին մեր պատմությունը ներկայացնելու համար։

Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասն իր ելույթում գոհունակություն հայտնեց նման ճանաչողական ցուցահանդեսը հյուրընկալելու կապակցությամբ՝ հավելելով, որ հայ ժողովուրդն ունի չափազանց հարուստ պատմություն, որը պետք է պարբերաբար ներկայացվի օտար լսարաններին։ Ուրմաս Կլաասն նաև նշեց, որ Տարտուում է գտնվում Հայաստանի և Էստոնիայի բարեկամությունը խորհրդանշող մեծ խաչքարը, որը 1978թ. է տեղադրվել քաղաքի կարևորագույն հատվածներից մեկում։

Տարտուի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Տինու Լեհտսարը նշեց, որ ցուցահանդեսն անցկացնելու միտքը հավանության է արժանացել Տարտուի համալսարանի վաղամեռիկ ռեկտոր Վոլլի Կալմի և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումներից մեկի ժամանակ, և որ ինքն անչափ ուրախ է, որ Կալմի այդ ցանկությունն իրականություն դարձավ։ Տինու Լեհտսարը նաև շեշտեց, որ Խաչատուր Աբովյանը շարունակում է խորհրդանշել հայ-էստոնական բարեկամությունը, և համալսարանի կարևորագույն լսարաններից մեկը հենց հայ մեծանուն մտավորականի անունն է կրում, որտեղ և տեղակայված է նաև նրա կիսանդրին։

Տարտուի համալսարանի թանգարանի տնօրեն Մարիանն Ռաիսման իր հերթին նշեց, որ պատմական քարտեզների ցուցահանդեսը պատմական այս վայրում ներկայացնելը մեծ կարևորություն ունի։ Այստեղ կարելի է ծանոթանալ ոչ միայն Տարտուի վերջին 800 տարիների, այլ նաև հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը համաշխարհային քարտեզագրության միջոցով»։

Ցուցահանդեսի բացումից առաջ և հետո Տարտու քաղաքի հայ համայնքը ներկայացրեց գեղարվեստական համարներ։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 3-ը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031