Խորհրդարանում քննարկվում էր դատախազության 2017-ի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազին մի շարք պատգամավորներ փաստացի մեղադրեցին անգործության մեջ:
Ամփոփիչ ելույթում Արթուր Դավթյանը անդրադարձավ հնչած քննադատություններին:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասել էր, որ արդյունաբերական նպատակներով անտառները փրթվում են երկրում, առանց պետհամարանիշների ֆուռերով անտառը թալանում են, մի գյուղացի են բռնում, որը 5 ծառ է կտրել:
Դավթյանը չհամաձայնեց՝ ասելով, որ բավականին պաշտոնատար անձանց են ծառահատումների գործերով բռնել՝ անտառապահ, անտառապետ, ընդհուպ մինչեւ տեսչության պետի տեղակալ. «Ունենք բացահայտումներ նաեւ արդյունաբերական նպատակներով անտառահատումների վերաբերյալ»:
Խոսելով Մարտի 1-ի մասին՝ Դավթյանն ասաց, որ նախաքննությունը ընթացքի մեջ է եւ ներկայումս ակտիվ գործողություններ են իրականացվում տեխնիկական նոր հնարավորությունների օգտագործման համար. «Ես ձեզ վստահեցնում եմ, այդ գործի մեջ կա ապացուցման առարկայի բավականին կարեւոր մի հատված, որը պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այժմ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ կատարվում են: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասով պետք է լինեն հիմքեր, հետո վարույթն իրականացնող մարմինը տակտիկական նկատառումներից ելնելով՝ ինքն է որոշում, թե որ ձեռքբերված նյութերի պայմաններում ում հարցաքննի: Եթե դա պետք է արվի զուտ նրա համար, որ ցույց տանք՝ այ, տեսեք, այս մարդուն հարցաքննել ենք, դա վարույթին ոչինչ չի տա»:
Գլխավոր դատախազը խոստացավ, որ շուտով Մարտի 1-ի գործով հնարավոր է ունենանք արդյունքներ, որովհետեւ կարող է լինեն քննության հետ համագործակցող անձինք:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին՝ Դավթյանն ասաց, որ Սահմանադրությամբ սահմանված կարգով է ստանձնել իր պաշտոնը եւ ստանձնել է նաեւ պատասխանատվություն պետության, ժողովրդի եւ գործընկերների առջեւ. «Քանի դեռ ես գտնում եմ, որ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու ներուժն ունեմ, ես իմ պարտականությունները կատարում եմ: Իսկ ինձ պաշտոնից հեռացնելու մեխանիզմները ձեզ քաջ հայտնի են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ