Այսօր խորհրդարանում գլխավոր դատախազին մի շարք պատգամավորներ հստակ օրինակներով փաստացի մեղադրեցին անգործության մեջ:
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է դատախազության 2017-ի գործունեության մասին հաղորդումը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը խոսեց փողոցներում մարդկանց նկատմամբ բռնություններից:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց «Զիբիլիքսի» հայտնի գործը, խոսեց ընտրողաբար մոտեցման մասին. «Կա թեզ՝ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննած գործ է՝ դու պիտի դատվես, ձեւ չունես: Փոխեք այդ պրակտիկան: Վանաձոր քրեակատարողականի գործով խափանման միջոցը փոխվել է այն մեղադրյալներինը, որոնք մեղադրանքը ընդունել են, ով չի ընդունել՝ չի փոխվել: Դա կիրառվել է՝ որպես տեռորի մեթոդ…Արդարադատությունն իրականացվում է ընտրողաբար: Ցույցերի, երթերի ժամանակ քաղաքացիական անձանց վերաբերյալ սպասում ենք կոնկրետ բացահայտումներ, որ ուղարկեք դատարաններ, այդ մարդիկ պատասխան տան: Արդյունաբերական նպատակներով անտառները փռթվում են երկրում, անտառ չի մնացել ըստ էության, խայտառակ վիճակ է: Կարող եք գնալ մտնել, անտառները նայել: Մի հատ գյուղացի եք բռնում, ասում եք՝ վա՜հ, էս գյուղացին 5 հատ ծառ է կտրել: Բայց մարդիկ օդում կախված լուրերով խոսում են, գիտեն,, որ այսինչ պաշտոնյայինն է, այնինչ պաշտոնյայի ֆուռն է դուրս գալիս այսինչ ձորից: Մոտ 10 օր առաջ բնապահպանական ճակատը հրապարակել է թարմ նյութեր՝ առանց պետհամարանիշների մեքենաները անտառը կտրում են, ճի՞շտ է: Ո՞վ է զբաղվել դրանով: Ես խոսում եմ արդյունաբերական նպատակներով անտառահատումների մասին, որը վայրագություն է, բայց ունենք գյուղացիների նկատմամբ գործեր»:
«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն էլ խոսեց Մարտի 1 -ի գործի մասին. «Դեռ փորձում են պարզել 10 մարդու սպանության անմիջական կատարողներին: Նախաքննությունը չի կարողանում պարզել, թե 4 ենթասպաներից, որոնց անունները հայտնի են, ում Չերյոմուխա 7-ից են սպանվել Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը: Անցած 10 տարիները Մարտի 1-ի գործի իմաստով ձախողված տարիներ են քննչական մարմնի եւ դատախազության պատմության մեջ: Քննությունը չի փորձում պարզել, թե արդյոք սպանությունների պատճառ կարո՞ղ էին լինել այն ժամանակ քաղաքական եւ ռազմական իշխանությունների ապօրինի որոշումները, հրամանները: Իսկ կրակելու հրաման տվողներից առաջինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ում ի դեպ, դուք, պարոն դատախազ, մերժում եք հարցաքննել՝ պարզելու համար, թե որտեղից Քոչարյանին այն տեղեկությունը, թե ցուցարարները ավտոուսի հետեւից կրակել են ոստիկանների վրա: Մինչդեռ կա դատաբժշկական փորձաքննություն, որ ոչ մի հրազենային վնասվածքով ոստիկան չի եղել, եւ այդ մասով հաստատեց Մարտի 1-ի գործով հանրային լսումների ժամանակ ԱԺ հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը»:
Լենա Նազարյանը հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ում էլ պահանջել են ներկայացնել ապացույց, որ ոստիկանների վրա ցուցարարները կրակել են, նման ապացույց չի ներկայացվել. «Նման ապացույց գոյություն չունի: Եթե չեք կարող այս հարցի պատասխանը ստանալ վկայից, պարոն Դավթյան, հրաժարվե՛ք ձեր լիազորություններից, որովհետեւ դուք վատնում եք այդ հնարավորությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ