Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի», «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՅԴ-ի կոալիցիան՝ միեւնույն է, չի ապահովում խորհրդարանական կայուն մեծամասնություն. «Հրապարակ»

Մայիս 23,2018 12:47

Ինչպե՞ս կոչենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ ազգային համաձայնությա՞ն, համերաշխությա՞ն, սիրո՞… Ժամանակավոր համերաշխության կառավարություն, ժամանակավոր սիրո կառավարություն՝ վատ չի հնչում կարծես։

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանն ասում է՝ կառավարությունում ներկայացված ուժերը պետք է թուղթ ստորագրեն, անկախ այն բանից, թե ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը։ Վատ բան չի ասում, կարծես, Մարուքյանը, որովհետեւ գործող կառավարությունը որեւէ լեգիտիմություն այս պահին չունի եւ ձեւավորվել է փողոցի ճնշման տակ։ Այս կառավարությունը հանդուրժելի կարող է լինել, քանի դեռ կլինի կամ կզգացվի այդ ճնշումը, իսկ երբ ճնշումը թուլանա, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ վարքագիծ կդրսեւորի ԱԺ մեծամասնությունը, որն այսօր ակամա պատասխանատվություն է կրում գործող կառավարության քայլերի համար։

ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, կարծես, դեմ չեն, որ ներկա կառավարության կազմում իրենց մասնակցությունը որեւէ փաստաթղթով արձանագրվի։ Եվ լավ է, որ թուղթ ստորագրելու առաջարկը հնչել է «Ելք»-ից՝ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, մերձավոր շրջապատից։ Եթե այդ առաջարկն արվել է լուրջ, նշանակում է, որ վարչապետը փորձում է լրացուցիչ քաղաքական կշիռ հաղորդել գործող կառավարությանը եւ ինստիտուցիոնալ հիմք ստեղծել իր իսկ վարչապետության համար։ Այլ հարց է, հետեւաբար, որ այդ փաստաթուղթն օրենքի տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ ստորագրել մինչեւ կառավարության ձեւավորումը, ինչն ավելի ընկալելի կդարձներ ժամանակավոր կառավարությանը մաս կազմելու՝ մյուս ուժերի կեցվածքը։ Բայց դա համարենք հեղափոխական թոհուբոհի ժամանակ թույլ տրված վրիպում։

Այսօր քիչ չեն անհարկի քննադատություններն այն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «տեղ տրվել» ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որոնք եղել են Սերժ Սարգսյանի հետ տարբեր կոալիցիաներում։ Կարծում եմ, որ օր առաջ հրապարակված նոր հուշագրով կարելի կլիներ ցրել քաղաքական իրավիճակի ընկալման հետ կապված բազմաթիվ թյուրընկալումները։

Սակայն որոշ քաղաքական շրջանակներ նշում են, թե դա խոցելի է Սահմանադրության տեսանկյունից, որովհետեւ «Ելքի», «Ծառուկյան դաշինքի» եւ ՀՅԴ-ի կոալիցիան՝ միեւնույն է, չի ապահովում խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը պետք է կառավարության ձեւավորման ինստիտուցիոնալ հիմք հանդիսանա։ Սակայն հարց տանք մեր ընդդիմախոսներին՝ իսկ առանց համաձայնագրի փոխվում է, արդյոք, որեւէ բան, եւ ավելի՞ սահմանադրական ու լեգիտիմ է գործող կառավարությունը։ Միեւնույն է, այդ փաստաթղթով կամ առանց փաստաթղթի կայուն մեծամասնություն գոյություն չունի, որովհետեւ այն կարող է գոյանալ կամ ստեղծվել բացառապես ընտրություններով։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031