Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունն իրավասու է հատուկ միջոցներ եւ հրազեն կիրառել». ուշագրավ գրություն՝ «ծռերի» գործով նիստում

Մայիս 23,2018 12:45

Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի (լուսանկարում), Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր: Այն սկսվեց առանց ամբաստանյալների, քանի որ նախորդ նիստում, երբ դատավորն ընթերցում էր նրանց խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդության առնչությամբ մերժումը, ամբաստանյալները դատավարական կարգ խախտեցին եւ առանց դատավորի թույլտվության՝ լքեցին նիստերի դահլիճը՝ արժանանալով նիստերից 10 ժամով հեռացման սանկցիայի:

Նախորդ դեպքերում, երբ նման սանկցիա էր կիրառվում, ոստիկանությունն ամբաստանյալներին, այնուամենայնիվ, բերում էր դատարանի շենք, քանի որ նիստերի ընթացքում որոշակի հարցերի շուրջ նրանց կարծիքը հարցնելու անհրաժեշտություն էր լինում, ասենք՝ պաշտպանի փոփոխության հարց: Այդ դեպքերում նրանց դատարանի համապատասխան խցերից որոշակի ժամանակով ուղեկցում էին նիստերի դահլիճ, ապա՝ հեռացնում: Այսօր, սակայն, ոստիկանությունն ամբաստանյալներին առհասարակ դուրս չէր ուղեկցել կալանավայրերից եւ բացատրական գրություն ուղարկել:

Մեսրոպ Մակյանն ընթերցեց այն. «Նախորդ նիստում՝ մեկ շաբաթ առաջ, «Սասնա ծռերի» համախոհներն օրեր շարունակ շրջափակել էին դատարանի շենքը՝ թույլ չտալով ամբաստանյալներին ուղեկցել ՔԿՀ-ներ: Միայն մայիսի 19-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառման շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել նրանց տեղափոխումը: «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով նման գործողություններ համախոհների կողմից իրականացնում են նաեւ դատախազության շենքի առաջ՝ խոչընդոտելով աշխատակիցների ելումուտը: Հաշվի առնելով այս ամենը՝ ոստիկանությունը մտավախություն ունի, որ կարող է տեղի ունենալ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի առաջին մասի ենթակետերից մեկով սահմանված պարտականությունների կատարման խոչընդոտում, որի ընթացքում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանությունն իրավական հիմքով պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ եւ հրազեն, ինչը կհանգեցնի անդառնալի հետեւանքների»:

Ապա Մակյանը պարզաբանեց, որ գրության մեջ նշված օրենքի կետը վերաբերում է Ոստիկանության պարտականությանը՝ կապված կալանավորներին ուղեկցելու հետ:

Ոստիկանության գրությունն ամբաստանյալների պաշտպանների համար դժգոհության առիթ տվեց: Նրանք իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ, ապա դատարանին միջնորդեցին նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալները ներկա չեն, սակայն դատավորը համաձայն չէր նրանց պնդումների հետ:

Մեսրոպ Մակյանը, ինչպես նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ սանկցիան համաչափ է եւ բխում է ամբաստանյալների վարգաքծից, ուստի նրանց ներկայությունը պարտադիր չէ, նիստն էլ հետաձգելու պատճառ չկա: «Նախորդ նիստում նրանք անգամ չլսեցին դատարանի խնդրանքը եւ հորդորը՝ դահլիճում մնալու մասին, ու դուրս եկան»,-նկատեց Մակյանը: Ապա նա մերժեց նաեւ ամբաստանյալների սանկցիան վերացնելու պաշտպանների միջնորդությունը:

Սա կրկին առաջացրեց պաշտպանների դժգոհությունը (նրանց մի մասն, ի դեպ, ներկա չէր նիստին), որոնք լքեցին նիստերի դահլիճը եւ դատավորի կողմից արժանացան նկատողության:

«Սասնա ծռերի»՝ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող համակիրներն էլ դժգոհեցին դատավորի որոշման առնչությամբ եւ սկսեցին աղմկել, բղավել՝ «դատավո՜ր, հեռացիր»: Դատավոր Մակյանը քաղաքացիներին նախազգուշացրեց, որ նման վարքագիծ դրսեւորելու եւ նիստի ընթացքը խանգարելու հետեւանքով որոշում կկայացնի նիստը դռնփակ անցկացնելու մասին, եւ դահլիճում ներկա լինելու իրավունք կունենան միայն լրագրողները:

Ապա նիստը մեկ շաբաթով հետաձգվեց մեկ այլ պատճառաբանությամբ. ամբաստանյալներից մեկի համար հանրային պաշտպան կհրավիրվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031