Մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ում երկու պատգամավորներ առանց խմբակցության թույլտվության կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՀՀԿ-ն մինչեւ խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկը խմբակցության նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է, որ Ֆելիքս Ցոլակյանը նկատողություն կստանա, նաեւ քննարկում են մյուս կողմ քվեարկած պատգամավորին՝ Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Թորոսյանի հետ։
– Տեղեկություններ կան, որ նիստի ժամանակ ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչել Ձեր հասցեին։ ՀՀԿ-ական Ձեր գործընկերներն ասել են, որ Դուք «երկրորդ կռիսն» եք Ֆելիքս Ցոլակյանից հետո, քանի որ նախապես եղած պայմանավորվածությունը խախտել եք եւ այլ կերպ քվեարկել։
– Տեղյակ եմ, որ քննարկում եղել է, բայց այդպիսի արտահայտությունների տեղյակ չեմ։ Եթե լիներ, տեղյակ կլինեի։ Կարծում եմ՝ դա բանսարկություն է։ Չեմ կարծում, որ նման արտահայտություն լիներ։
Եվ բացի այդ ես ասել եմ արդեն, որ բացի նրանից, որ ես շեղվել եմ խմբակցության տեսակետից, ինձնից բացի, եղել են առնվազն 4 հոգի, որոնք շեղվել են՝ նրանցից երկուսը քվեարկությանը չմասնակցելով եւ երկուսը կողմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանին, ինչպես ես։
Եվ հետեւաբար, ես կարծում եմ, որ եթե խմբակցությունն ունի այդ խնդիրները այդ մարդկանց քվեարկության հետ կապված, ապա կարծում եմ, որ պետք է քննարկի այդ խնդիրները։ Եվ այդ խնդիրների քննարկումը պետք է տեղի ունենա այդ մարդկանց ներկայությամբ։
Եթե ես ներկա չեմ եղել, ապա կարծում եմ՝ դժվար թե որեւէ լուրջ եւ ռեալ քննարկում եղած լինի։ Ինձ այդպես էլ ասել են, որ ռեալ քննարկում չի եղել, քանի որ ես ներկա չեմ եղել նիստին։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում