Արդեն մարզպետացուների թեկնածուների անուններ են շրջանառվում։ Այս օրերին կռվախնձոր է դարձել հանրապետության ամենաաղքատ մարզը՝ Շիրակը։ Տեղեկություններ եղան, որ այն կրկին բաժին է հասնելու Դաշնակցությանը եւ մարզպետ է նշանակվելու ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանը։ Նա նախկինում ջրային պետական կոմիտեի Շիրակի կառույցի ղեկավար է եղել։ Այս մարզի վրա աչք ուներ նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Սակայն այս տարբերակն այնքան է զայրացրել քաղհասարակությանը, որ նրանք մի քանի օր առաջ եկել են Երեւան եւ հանդիպել ՔՊ-ի էլիտայի ներկայացուցիչների հետ։ Այժմ որպես մարզպետի թեկնածու շրջանառվում է ՔՊ-ական, գյումրեցի Կարեն Սարուխանյանի անունը։
Կոտայքի մարզպետի թեկնածու էլ շրջանառվում է պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը, իսկ Արարատի մարզպետ, ըստ տեղեկությունների, լինելու է ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։ Նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի ղեկավարն է այժմ։ Սակայն, այս շրջանառվող տեղեկություններն այնքան էլ իրատեսական չեն, որովհետեւ ՔՊ-ում ներքին որոշում է ձեռք բերվել, որ տվյալ մարզի բնակիչը տվյալ մարզում ղեկավար չի նշանակվելու։ Սա արվում է հետագայում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործեր չդասավորելու եւ հարցեր չլուծելու համար։
Ի դեպ, «ՀԺ»-ի տեղեկություններով աշխատանքային օրվա ավարտին, գրեթե ամեն օր տեղի է ունենում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս օրերին այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է նաեւ մարզպետների հարցը: Հստակեցվել է մի բան, որ մարզպետները լինելու են կուսակցական։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅՍՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում