«Դա իրականություն է եւ դա երեկ տեղի է ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն` անդրադառնալով իր օգնականի ձերբակալության փաստին: Թավշյա հեղափոխության օրերին`ապրիլի 21-ին, Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, որը ձերբակալվել է։ Այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում, մասամբ փակել էին Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին: Նրանցից մեկը եղել է Միհրան Պողոսյանի օգնականը:
Միհրան Պողոսյանը ցավում է տեղի ունեցածի եւ այն մարդկանց համար, ովքեր վերջերս ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ: Նա հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները կլինեն անաչառ եւ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Այդ օրերին ինքը շրջել է համայնքում. «Մենք կարողացել ենք ճանապարհները փակելու մեթոդից զերծ մնալ, խոսելու եւ փոխհամաձայնության մեթոդով կարողացել ենք լուծումներ գտնել»:
Հարց հնչեց`առանց իր գիտության օգնականը կարո՞ղ էր նման բան անել: Միհրան Պողոսյանն ասաց` ճանաչելով իր օգնականին, հույս ունի, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է եւ իր օգնականն այնտեղ չի եղել: Բայց չի կարող երաշխավորել, որ իր օգնականն այնտեղ չի եղել. «Ես երաշխավոր կարող եմ լինել միայն ինձ համար»։
Նա պատկան մարմիններին հորդորում է` անաչառ լինել. «Որոշակի վենդետաներ, որոշակի քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու, չանել։ Ի վերջո, ամեն ինչ պարզվելու է ու մենք համապատասխան հիմքեր ենք ներկայացնելու, թե որտե՞ղ է եղել այդ երիտասարդը։ Հորդորում եմ բոլորիս սպասել 1-2 օր, երբ կունենանք ավելի ինֆորմացիա ու կհասկանանք, թե ի՞նչ է կատարվել»։
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ