ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ դադարեցվելու է «Կարեն Ավագյանի հիմնադրամի» ֆինանսավորումը պետբյուջեից։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն էլ կրկին Ֆեյսբուքով արձագանքեց այս հայտարարությանը՝ ուղղելով նախարարին, թե «Կարեն Ավագյանի հիմնադրամ» գոյություն չունի, խոսքը, թերեւս, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասին է։ Այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է ինչպես ինքը՝ Կարեն Ավագյանը, այնպես էլ ԿԳ նախարարը՝ ի պաշտոնե։
– Հիմա, եթե հիմնադրամի ֆինանսավորումը դադարեցվի, ի՞նչ է լինելու, հիմնադրամը կփակվի՞։
– Տեսեք, հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել է կառավարության որոշմամբ, իրենք էլ կորոշեն ճակատագիրը։
– Ամեն դեպքում, այդ հիմնադրամն ասոցացվում էր ՀՀԿ երիտթեւին ֆինանսավորելու, նրանց համար ծրագրեր իրականացնելու հետ, եւ հանրության դժգոհությունը հենց սրանից էր գալիս։
– Դուք տեսել եք մեր ծրագրերը, Դուք տեսել եք, թե մեր շահառուներն ինչ տարբեր խավերի ներկայացուցիչներ են, սոցիալական տարբեր խմբերում գտնվողներից մինչեւ զինվորական ծառայությունն անցնող…
– Եթե աուդիտ անցկացվի հիմնադրամում, Ձեր խիղճը մաքուր է, որեւէ խնդիր չի՞ հայտնաբերվի։
– Ես որեւէ օրգանական կապ չեմ կարող ունենալ, ես հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն եմ ընդամենը։ Հաստատվում է բյուջեն ե՛ւ ծախսային մասով, ե՛ւ հաշվետվության մասով, ե՛ւ աուդիտորական մասով հոգաբարձուների խորհրդում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահից բացի, կա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Հովակիմյանը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում