«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կապված քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին, մասնավորապես, իհարկե, հենց «Սասնա ծռերի» հարցի տողատակով, քանի որ կարծես թե քաղբանտարկյալների հարցը սրությամբ դրվում է միայն այդ մասով: Թավշյա հեղափոխությունից հետո Սասնա ծռերի կողմնակիցները իրականացնում են ակցիաներ, փակում են փողոցներ, շրջափակում են դատախազությունը, իսկ Գարեգին Չուգասզյանն էլ հացադուլ է հայտարարել, պահանջելով հեղափոխական քայլեր դատական համակարգում և հայտարարելով, որ միայն այդպես է հնարավոր կանխել հակահեղափոխության վտանգը: Ստեղծվել է իսկապես բավականին բարդ ու հակասական մի իրավիճակ, երբ «Սասնա ծռերն» ու նրանց համախոհները կամա, թե ակամա իրենք կարող են դառնալ հակահեղափոխության «բացիլակիրներ» լավագույն և ազնիվ մղումներով՝ այդուհանդերձ նպաստելով թավշյա հեղափոխության դիրքերի թուլացմանը:
Ավելին, փաստացի, Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակում հնչում է առաջին ոչ շատ դիմահար, սակայն բավական ուղիղ մեղադրանքը Նիկոլ Փաշինյանին, որ ձեռքերը լվացել է քաղբանտարկյալների խնդրից: Միաժամանակ, Փաշինյանի վրա է փորձ արվում դնել Գարեգին Չուգասզյանի անձնազոհ ակցիայի պատասխանատվությունը: Խոշոր հաշվով, Վարուժան Ավետիսյանի և Ժիրայր Սէֆիլյանի նամակը Նիկոլ Փաշինյանին ուներ եթե ոչ ուղիղ, ապա խիստ թափանցիկ վերջնագրային տոն, երբ զգացվում է, որ հաջորդ հայտարարությունների կամ նամակների առումով շատ մոտ է համակիրներին ուղղված ռադիկալ գործողությունների կոչը: Առավել ևս, որ «Սասնա ծռեր» խմբավորումն ունի այդօրինակ ոճային կազմակերպման փորձ: Իրավիճակը իսկապես բարդ է ու վտանգավոր, ընդ որում այնքան, որ հայտարարություններով հանդես են եկել Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, նույնպես քաղբանտարկյալ համարվող, ազատազրկված Շանթ Հարությունյանը:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում