Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ի՞նչ է լինելու ձեր վիճակը, մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ». Մարուքյանը՝ գլխավոր դատախազին

Մայիս 23,2018 12:06

ԱԺ-ում շարունակում են քննարկել գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդումը 2017-ի գործունեության մասին: Արթուր Դավթյանի պատասխանը քաղբանտարկյալների մասին, ինչպես հայտնել ենք, ապշեցրել էր որոշ պատգամավորների:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին ասաց. «Դուք ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը: Հարցին ի պատասխան՝ ասում եք, փաստորեն, այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են արժանացել ձեր կողմից: Այսինքն, ասում եք՝ այդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Պաշտոնյաներն էին մեղավոր էլի, որ այդ մարդկանց քրեական հետապնդման եք ենթարկել»:

Արթուր Դավթյանը, ի պատասխան՝ Մարուքյանին մեղադրեց իր խոսքերը նենգափոխելու մեջ ու հորդորեց հետ տալ ձայնագրությունը, լսել՝ ինչ է ասել: Նա ասաց, որ անձանց վտանգավոր չլինելու մասին է խոսքը, իրադրության փոփոխության պարագայում կարող են քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը. «Այս իրադրությունների փոփոխման արդյունքում նվազելու շանսեր ունի վտանգավորությունը, բայց հանրությունը պետք է երաշխիք ունենա, որ այն անձը, որը դատական նիստերի դահլիճում դեռեւս սպառնում է, երբ փոխվի խափանման միջոցը, մենք դրսում չենք ունենա նույն այդ արարքի իրացումը: Սա ՔրՕրով նախատեսված իրադրության փոփոխության ինստիտուտն է»:

Մարուքյանը արձագանքեց. «Ես չեմ նենգափոխում, ես ձեզ առերեսում եմ ձեր հայտարարության հետ, որից դուք ներվայնանում եք»: Գլխավոր դատախազը վստահեցրեց. «Բացարձակ չեմ ներվայնանում, նույն հանգստությամբ պատասխանում եմ»:

Մարուքյանը նաեւ հարցրեց՝ Հաց բերող Արթուր Սարգսյանի գործով ի՞նչ ունենք, ո՞վ է դատվելու այդ գործով, ՊՊԾ գնդից սկսած մինչեւ այսօր լրագրողների նկատմամբ բռնության համար քանի՞ մարդ է քրեական հետապնդման ենթարկվել, ոստիկանության աշխատողներ, քաղաքացիական անձինք, որոնք ծպտված ծառայողներ էին եւ բռնություն էին կիրառում լրագրողների նկատմամբ. «Ձեր օրոք զանգվածաբար կարճվել են այդ գործերը»:

Նա նաեւ հարցրեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ-ին ներկայացրած միջնորդության մասին. «Սա խոսում է այն մասին, որ դուք քաղաքական հետապնդում եք իրականացրել, եւ քաղաքական իրողության փոփոխությամբ էլ դադարեցրել եք: Դուք ինքներդ ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ո՞նց անենք, ի՞նչ է լինելու ձեր վիճակը, մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ»:

Դավթյանը հորդորեց իր վիճակի բարդ կամ պարզ լինելու վերաբերյալ հետեւություններ չանել: Նա «Հաց բերողի» գործի հետ կապված ասաց, որ քննությունը շարունակվում է, իսկ լրագրողների նկատմամբ բռնության գործերով քաղաքացիական անձանցից 8-ը դատի են տրվել, ոստիկանության 4 աշխատակցի են դատի տրվել. «Իմ ասածը քաղաքական որեւէ կոմպոնենտ չունի: Ստեղծվել էր մի իրավիճակ, որի համար խափանման միջոցի ռիսկերը նվազել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031