Խորհրդարանում քննարկվում է ՀՀ դատախազության 2017-ի գործունեության մասին հաղորդումը:
«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Դավթյանն ասել էր՝ քաղբանտարկյալներ չկան՝ ասելով, որ որեւէ միջազգային կառույցի կողմից որեւէ մեկը չի ճանաչվել ՀՀ-ում քաղբանտարկյալ: Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ «Մենք շատ լավ գիտենք, որ միջազգային կառույցների՝ քաղբանտարկյալ ճանաչելու համար մեծ բյուրոկրատական գործընթաց է տեղի ունենում: Չնայած դրան, Human Rights Watch-ը մեծ նամակով դիմել էր նախկին դատախազ Կոստանյանին, որտեղ Գեւորգ Սաֆարյանի գործով նկարագրական մասում փաստացի քաղբանտարկյալի ձեւակերպումներով է հանդես եկել: Միեւնույն ժամանակ ասում եք՝ ով քաղաքական գործունեությամբ է զբաղվում ու հենց ինչ-որ բան է անում, ասում են քաղբանտարկյալ է: Իսկ հայտնի՞ են ձեզ դեպքեր, որ նույն Ադրբեջանում էլ մարդկանց ձերբակալում են, քաղբանտարկյալ են սարքում, էլի Քրեական օրենսգրքից են հոդված կիրառում: Ի վերջո, դուք ասում եք քաղբանտարկյալներ չկան, վարչապետն ասում ՝ կան, այդ կարգախոսի ներքո ժողովրդի ճնշումը այնքան բարձր է լինում, որ քաղաքական մեծամասնությունը ստիպված է լինում զիջել իշխանություն: Չե՞ք մտածում, որ գլխավոր դատախազը պետք է ունենա բարձր վստահության տոկոս, որ շարունակի աշխատել: Ի՞նչ պետք է լինի, որ ի վերջո գլխավոր դատախազը հրաժարական տա: Ինչո՞ւ դուք հրաժարական չեք տալիս, երբ ակնհայտ է, որ վստահություն ժողովրդի մոտ չկա»:
Արթուր Դավթյանը առաջարկեց, որ քաղբանտարկյալ տերմինը այլեւս չօգտագործել, ըստ նրա, բոլոր են այդ տերմինը օգտագործում՝ չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը. «Երբ անձին մեղադրանք են առաջադրում, դա ունի երկու հատված՝ փաստական եւ իրավական կողմ: Փաստական կողմը նրան նկարագրված արարքն է, որը նա կատարել է, իրավական կողմը դրա համապատասխանությունը քրեական օրենսգրքի որոշակի հոդվածին»:
Ըստ նրա, այն անձանց մասին, որոնց հանրությունն ասում է քաղբանտարկյալ, կա այսպիսի կարծիք, որ նրանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, ապօրինի են. «Թվարկված անձանց վերաբերյալ քրգործերը այս պահին գտնվում են դատարանի վարույթում, իրականացվում է արդարադատություն: Մենք գտել ենք, որ մեր հաստատած մեղադրանքը հիմնավոր է փաստական առումով եւ դա համապատասխանում է Քրեական օրենսգրքի հոդվածի: Մենք պաշտպանելու ենք մեր մեղադրանքը, պաշտպանական կողմը ներկայացնելու է իր փաստարկները: Արդարադատություն իրականացնող մարմինը ինքը կորոշի»:
Դավթյանն ասաց, որ «ՀՀ-ում տեղի ունեցած իրադրության փոփոխությունների արդյունքում անձը կամ նրա կատարած արարքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել կամ նվազել դրանց վտանգավորությունը: Մենք ունենք քրեական գործեր, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխության քննարկման: Այս դահլիճում այդ դեպքերը չենք քննարկելու անհատական»: Նա ասաց, որ պետք է ունենան այդ անձի այնպիսի վարքագիծ, որ համոզվեն՝ իրադրության փոփոխությունը բերել է տվյալ անձի վտանգավորության փոփոխությանը:
Ալեն Սիմոնյանը, գլխավոր դատախազի պատասխանից զարմացած, արձագանքեց. «Դուք ձեզ ծուղակի մեջ գցեցիք, պարոն դատախազ: Կբացատրե՞ք, թե ի՞նչ տարբերություն Գեւորգ Սաֆարյանի գործողությունների մեջ ի՞նչն է փոխվել, Անդրիաս Ղուկասյանի գործողությունների մեջ, որի դեպքում կալանքն էր ընտրվել՝ որպես խափանման միջոց, փոխվել է: Կբացատրե՞ք, թե ինչ է փոխվել, Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածները մնում են նույնը»:
Դավթյանը պատասխանեց. «Ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Իրադրության փոփոխությունը ձեզ համար պետք է շատ հասկանալի լինի»: Նրա բացատրելով՝ քրեական գործեր ունեինք, երբ անձը կոնկրետ պաշտոնատար անձանց դեմ է եղել, իսկ այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց. «Սա չի՞ նշանակում, որ նրանց հետագա հանցավոր վարքագիծը հանրության համար նկատելիորեն կարող է նվազել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ